Սվիտալսկի. ՀՀ-ն գտնվում է շատ խոցելի տարածաշրջանում

Սվիտալսկի. ՀՀ-ն գտնվում է շատ խոցելի տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԼՂ խնդիրը կարող է հետևանքներ ունենալ անգամ Եվրոպայում և Եվրասիայում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախագահ Պյոտր Սվիտալսկին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկած երիտասարդ գիտնականների միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ` անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին, հայտնում է Tert.am-ը:

«Հուսով ենք, որ մենք հակամարտության խաղաղ կարգավորման ականատեսներն ենք դառնում, գործընթաց, որը մեկնարկել էր Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է հետևանքներ ունենալ անվտանգության լայն շրջանակների համար՝ անգամ Եվրոպայում և Եվրասիայում»,-ասել է նա և նշել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հակամարտություններն անվտանգության իրական սպառնալիք են, և իրադրությունը շատ խոցելի է:

Պյոտր Սվիտալսկին հույս ունի նաև, որ զգալի արդյունքներ կգրանցվեն վստահության ձևավորման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ և նաև տեսանելի առաջընթաց կգրանցվի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Մայիսի 16-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկում էր տեղի ունեցել, որին մասնակցել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:

Գիտաժողովին մասնակցության հայտեր են ներկայացրել Շվեդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղրղզստանի, Թուրքիայի և ԱՄՆ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---