Հռոմի Պապ. Երբ Հռոմ տեղափոխվեցի, ինձ ակնարկում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է

Հռոմի Պապ. Երբ Հռոմ տեղափոխվեցի, ինձ ակնարկում էին, որ «ցեղասպանություն» բառը վիրավորական է

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանից վերադառնալիս հայտարարել է, որ հայերի բնաջնջման վերաբերյալ «ցեղասպանությունից» բացի նա այլ բառ չի իմացել, մինչև չի ընտրվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Il Sole 24 Ore-ի վրա հղումով:

Հունիսի 26-ին ավարտվեց Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան: Ըստ ավանդության Պապը Հռոմ վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Արգենտինայում, երբ ես խոսում էի հայերի ոչնչացման մասին, միշտ օգտագործել եմ ցեղասպանություն բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք խաչքար դրեցինք ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ես չգիտեի այդ իրադարձությունը նկարագրող այլ բառ: Երբ ես եկա Հռոմ, ապա լսեցի «Մեծ աղետ» արտահայտությունը, ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է: Բայց ես միշտ խոսել եմ 3 ցեղասպանության մասին` Հայոց ցեղասպանության, Հիտլերի իրականացրած և Ստալինի իրագործած ցեղասպանությունների մասին»,-ասել է Հռոմի պապը:

Նա հավելել է, որ ևս մեկ ցեղասպանություն է եղել Աֆրիկայում, սակայն «երկու մեծ պատերազմի շրջանակում»:

«Անցյալ տարի, երբ ես պատրաստվում էի Սբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, ես տեսա, որ սբ Հովհաննես Պողոս Երկրորդը կիրառել է ցեղասպանություն բառը և ես մեջբերեցի այն: Դա լավ չընդունվեց, թուրքական կառավարությունը հայտարարություն արեց, հետ կանչեց դեսպանին, որը վերադարձավ մի քանի ամիս առաջ»,-ասել է քահանայապետը:

«Իմ ելույթում չկար այդ բառը, բայց երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնայնությունը, իմ կողմից շատ տարօրինակ կլիներ, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,-ասել է Պապը:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---