ԵԱՀԿ կենտրոնակայանում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ԵԱՀԿ կենտրոնակայանում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Մոսկվան կտեղեկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին: ՌԴ-ն նաև իր տեսակետը կներկայացնի հարաբերությունների բոլոր խնդիրների վերաբերյալ` ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչև ուկրաինական հակամարտություն:

Եռակողմ խորհրդակցության առանձին նստաշրջանը նվիրված կլինի հակամարտություններին ԵԱՀԿ տարածքում և դրանց ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության վրա:

Առավել խնդրահարույց խնդիրների հարցում կազմակերպությունն առանձնացնում է ղարաբաղյան հակամարտությունը: Ընդ որում ԵԱՀԿ-ում նշում են «զգուշավոր դրական միտումը», որը նախանշվել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո: Առանձին նիստ կնվիրվի նաև Ուկրաինային:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունիսի 29-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---