Արարատի մարզում 6 հակակարկտային կայան կտեղադրվի. Վնասը կփոխհատուցվի

Արարատի մարզում 6 հակակարկտային կայան կտեղադրվի. Վնասը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Արարատի մարզպետարանին՝ մարզում կարկուտի և ուժեղ քամու հասցված վնասի հետևանքով առաջացած հիմնախնդիրների լուծման, Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հողօգտագործողները ՀՀ վարչապետին ներկայացրել են մարզում հակակարկտային կայաններ տեղադրելու խնդրանք:

Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է մարզի Դվին (2), Վերին Արտաշատ (2) Հնաբերդ (1), Այգեզարդ (1) համայնքներում տեղադրել 6 հակակարկտային կայաններ: Իսկ «Լուսնթագ» մանկապարտեզը կառուցվել է 1975թ.-ին: 2011-2012թթ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել են պատուհանների փոխարինման և ներքին հարդարման, ինչպես նաև համայնքի միջոցներով՝ ջեռուցման անցկացման և խոհանոցի վերանորոգման աշխատանքներ: Անհրաժեշտ է կատարել նաև խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման աշխատանքներ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արարատի մարզի Հնաբերդ համայնքում հողերի մշակության և գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կազմակերպումն ապահովելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի գյուղատնտեսական տեխնիկան ֆիզիկապես մաշված է, հաճախակի խափանման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները լիարժեք չեն իրականացվում և վարելահողերի զգալի մասը չի մշակվում:

Ընդունված որոշումը հնարավորություն կընձեռի ցանքաշրջանառության մեջ ընդգրկել համայնքի չօգտագործվող վարելահողերը, մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում կիրառվող ագրոտեխնիկական աշխատանքներն իրականացնել որակով, ինչն էլ իր հերթին կնպաստի բերքատվության բարձրացմանը:

Ընդհանուր առմամբ, Արարատիմարզպետարանին հատկացվելու է 24 մլն դրամ, որից՝

1) 6 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ» մանկապարտեզի խաղահրապարակի կառուցման և բակի մասնակի բարեկարգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

2) 18 մլն դրամ՝ հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից`

ա) Դվին համայնքում` 6 մլն դրամ,

բ) Հնաբերդ համայնքում` 3 մլն դրամ,

գ) Վերին Արտաշատ համայնքում` 6 մլն դրամ,

դ) Այգեզարդ համայնքում` 3 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---