Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին Հայաստան այցի համար

Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին Հայաստան այցի համար

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին, վերադառնալով առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Հայաստանից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երախտագիտություն է հայտնել Աստծուն իր այցի համար: Այդ մասին գրում է իտալական Famiglia Cristiana.it, հայտնում է Panorama. am-ը:

«Ես խորապես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ամբողջ հայ ժողովրդին ինձ որպես եղբայրության և խաղաղության ուխտավոր ողջունելու համար»,-ասել է Հռոմի պապը Վատիկանի առաքելական պալատում, որտեղ տեղի է ունեցել Հռոմի Բենեդիկտոս XVI-ի օծման և հովվապետական ծառայության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:

Հռոմի պապը պատմել է նաև Հարավային Կովկաս իր այցելության երկրորդ փուլի մասին`սեպտեմբերին նա այցելելու է Վրաստան և Ադրբեջան: Ըստ նրա, նա 2 պատճառով է ընդունել այդ երկրներ այցելելու հրավերը. մի կողմից Հռոմի պապը ցանկանում է գնահատել այդ հողերում եղած քրիստոնեական արմատները` մյուս կրոնների և մշակույթների հետ երկխոսությամբ: Մյուս կողմից` քահանայապետի նպատակն է`նպաստել խաղաղության վերականգնմանը տարածաշրջանում:

«Պատմությունը սովորեցնում է մեզ, որ ճանապարհը դեպի խաղաղություն մեծ համառություն ու հետևողական քայլեր է պահանջում»,-ասել է Հռոմի պապը և կարևորել «միմյանց ընդառաջ գնալու գաղափարը»:

Նա հույս է հայտնել, որ յուրաքնաչյուրն իր ավանդը կունենա հաշտեցման գործում: Քահանայապետը մեկ անգամ ևս հորդորել է ամրապնդել եղբայրական կապերը Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու միջև:

Ամերիկայի Հայկական համագումարն իր հերթին ևս երախտագիտություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Հայոց ցեղասպանության զոհերի համար աղոթելու համար:

«Քահանայապետի ուխտագնացությունը Հայաստան այն ժամանակ, երբ հարցականի տակ է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը, խաղաղության ու հարևան երկրների հաշտեցման հորդորները, ինչպես նաև Հռոմի պապի Հայոց ցեղասպանությունն ամբողջությամբ ճանաչելու կոչը` ոգեշնչում են մեզ»,-ասել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:

Ավելի վաղ ինքնաթիռում՝ Հայաստանից Հռոմ մեկնելիս Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել էր լրագրողներին. «Ադրբեջանցիներին կասեմ, որ մի կտոր հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում»: Խոսելով Ադրբեջան կատարելիք իր այցի մասին՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ:

Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»:

Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---