Մարզպետ. Գյումրիում գրանցվող գործազուրկների թիվը չի աճել, նոր աշխատատեղեր կբացվեն

Մարզպետ. Գյումրիում գրանցվող գործազուրկների թիվը չի աճել,  նոր աշխատատեղեր կբացվեն

PanARMENIAN.Net - Շիրակի մարզում ոչ թե գործազրկությունն է աճել, այլ գրանցվող գործազուրկները: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` անդրադառնալով վերջերս Գյումրիում զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառքի ժամանակ հրապարակած այն տվյալներին, թե Շիրակում գործազուրկների թիվն աճել է 25%-ով:

«Առանձնապես լուրջ շեղումներ չունենք, այժմ գործազուրկները գրանցվում են, իսկ նախկինում չէին գրանցվում, այդ պատճառով էլ գործազուրկների պաշտոնական թիվը կարող է ավելանալ: Կարևոր է, որ գրանցվում են, որից մենք ի վիճակի կլինենք տվյալները գրանցել, հաշվարկներ իրականացնել և այլն», - պարզաբանել է մարզպետը, գրում է Tert.am-ը:

Սիմոնյանի խոսքով, ճանապարհաշինությունն ու կարի արտադրամասը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կտա.«Վարդան Սրմաքեշին պատկանող «Սաստեքսե» տեքստիլ արդյունաբերական ձեռնարկության գործելուց հետո կբացվի 400 աշխատատեղ, որի աշխատողների թիվն ընթացքում կավելանա:

Գյումրիի ճանապարհների վերանորոգման համար 23.5 մլն դոլար է հատկացվել, իսկ այդ աշխատանքները կիրականացնեն կրկին տեղացիները: Այս ծրագրերը հենց մեկնարկեն, որոշ ժամանակով խնդիրները կնվազեն»,-ասել է մարզպետը:

Շիրակի մարզում աղքատության ցուցանիշի վերաբերյալ Սիմոնյանն ասել է, որ վերջին տասնամյակում աղքատության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2008-ին` 42 տոկոս, իսկ 2009-ից հետո տվյալները տատանվել են 44-48 տոկոսի սահմաններում, իսկ 2014-ին կազմել է 44 տոկոս:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով:

Վարկային համաձայնագիրը կնքվել է մայիսի 11-ին Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---