Գերմանիայի նախարարը պահանջել է Թուրքիայից թույլատրել «Ինջիրլիք» ռազմաբազա այցելել

Գերմանիայի նախարարը պահանջել է Թուրքիայից  թույլատրել «Ինջիրլիք» ռազմաբազա այցելել

PanARMENIAN.Net - Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան հնարավոր է թույլ չտա գերմանական AWACS ինքնաթիռները հետախուզական թռիչքների իրականացնեն Սիրիայի սահմանին:

Նախարար Վոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան նման քայլի կգնա, եթե Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա արգելել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Պաշտպանության նախարարը, Թուրքիայից կրկին պահանջելով ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրել, նշել է որ AWACS ինքնաթիռների հարցում իրենք սպասում են Թուրքիայի՝ Ինջիրլիք այցելելու թույլտվության որոշմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Կարդացեք նաև՝ Բունդեսթագի նախագահ. Եթե Թուրքիան այսպես շարունակի, «Ինջիրլիքից» դուրս կբերենք զորքերը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---