Եղեգնաձորի պանրի գործարանը մոտ 200 մլն դրամի ներդրում է կատարել. Արտադրանքի 90%-ը արտահանվում է ՌԴ

Եղեգնաձորի պանրի գործարանը մոտ  200 մլն դրամի ներդրում է կատարել.  Արտադրանքի 90%-ը արտահանվում է ՌԴ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009-ից հիմնված գործարանում իրականացվել է մոտ 200 մլն դրամի ներդրում:

Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, 2015-ին արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է:

Նախատեսվում է` ընթացիկ տարում նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ավելացնել 20 տոկոսով. ավելացվելու է նաև պանրի տեսականին:

Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ: Գործարանն ունի նաև անասնապահական ֆերմա. կաթի 30 տոկոսն ապահովվում է դրա հաշվին, իսկ 70 տոկոսը մթերվում է մարզում գործող մյուս ֆերմաներից:

Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել գործարանի զարգացման նոր ծրագիր, որի իրագործմանը կառավարությունը կփորձի ցուցաբերել աջակցություն՝ աշխատատեղերը և արտահանման ծավալները էական ավելացնելու համար:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Եղեգնաձորի «Գետնատուն» գինու գործարան՝ ծանոթացել արտադրական գործընթացին և զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ 1990-ին ստեղծված գործարանում արտադրվում է խաղողի և նռան գինի, մրգային՝ ծիրանի, սալորի, խնձորի ալկոհոլային խմիչքներ: Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ՌԴ, Լեհաստան, այժմ աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու համար:

Աբրահամյանը կարևորել է այս ոլորտի շարունակական զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ և դրան էապես նպաստելու է նաև գինեգործության զարգացման նորաստեղծ հիմնադրամը:

Այնուհետև վարչապետն այցելել է Վայք, եղել տեղի բուժմիավորումում, որտեղ Աբրահամյանի հանձնարարությամբ ստեղծվել է հեմոդիալեզի բաժանմունք՝ նորագույն սարքավորումներով: Բուժհաստատության ղեկավարներն ու բուժում ստացող քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ բաժանմունքի ստեղծմանն աջակցելու համար և նշել, որ այն Վայքի տարածաշրջանի բնակիչների համար ունի մեծ կարևորություն: Վայքում Աբրահամյանը ներկա է գտնվել վերակառուցված քաղաքային պուրակի բացմանը: Պուրակում քաղաքացիների հանգստի և ժամանցի համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, կառուցվել է շատրվան, խաղահրապարակ:

Աբրահամյանն այցելել է նաև Վայքի հիմնանորոգված «Արևիկ» մարզադաշտ, որը տեղավորում է 2000 հանդիսական: Մարզադաշտի տրիբունայում տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել է ծածկ, վերանորոգվել են հանդերձարանները և կատարվել այլ անհրաժեշտ աշխատանքներ:

«Վայոց ձոր այցի ընթացքում ականատես եղանք, որ մարզում զարգանում է նաև փոքր և միջին բիզնեսը՝ գինեգործության, պանրագործության, անասնապահության ոլորտներում: Վայոց ձորը գինեգործության ոլորտում ունի մեծ ներուժ և հնարավորություններ և դրանք պետք է առավելագույնս օգտագործել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ ընկերությունների հետագա զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարության և քաղաքապետարանի կողմից լուրջ ծրագրեր են իրականացվում նաև Ջերմուկում՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի Ջերմուկը դառնա ավելի գրավիչ զբոսաշրջության համար:

Մարզեր այցերի շրջանակում վարչապետը վերջին անգամ եղել է Արմավիրում: Աբրահամյանը մայիսի 25-ին այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ:

Վարչապետը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ: Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---