Օսկանյան. Ենիգոմշյանին կալանքի տակ պահելու համար որևէ հիմք չկա

Օսկանյան. Ենիգոմշյանին կալանքի տակ պահելու համար որևէ հիմք չկա

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին կալանքի տակ պահելու համար որևէ հիմք չկա: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երբ Ալեք Ենիգոմշյանին բերման ենթարկեցին, ես կարծում էի, որ հարցաքննությունից հետո նրան բաց կթողնեն։ Բայց արդեն երրորդ օրն է՝ նա կալանքի տակ է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր զայրույթի և բողոքի ձայնը բարձրացնենք՝ պահանջելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Ոչ թե նրա համար, որ Ալեքը հայ ազգի նվիրյալներից է, որն իր կյանքի գնով 1970-80 ական թվականներին պայքար է մղել հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու և արդարության հասնելու համար՝ արդյունքում կորցնելով տեսողությունը և ձեռքը, այլ պարզապես, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար», - ֆեյսբուքյան էջում գրել է Օսկանյանը։

Հուլիսի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

Նրա խոսքով, այս վերջին տասնօրյակում «Սասնա ծռեր» խմբի շուրջ տեղի ունեցող խաղաղ հավաքներում Ենիգոմշյանը եղել է չափավորության ձայնը, իր սառը դատողությամբ և հանգիստ վարքագծով փորձ է արել թույլ չտալ բռնություններ և հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը։

«Նրա միակ «մեղավորությունը» միգուցե այն է, որ ինչպես հայ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը, Հայաստանում ուզում է տեսնել արմատական փոփոխություններ, և թերևս կարծում է, որ դրան կարելի է հասնել միայն նոր ձևավորված օրինական իշխանությունների միջոցով։

Ալեքի միջոցով ես հավասարապես ցանկանում եմ իմ բողոքն արտահայտել քաղաքացիների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ՝ Արմեն Մարտիրոսյանից, Լևոն Բարսեղյանից մինչև Արսինե Խանջյան, մեր բոլոր այն քաղաքացիների համար, որոնք այս օրերին արժանանում են անարդար վերաբերմունքի, իսկ շատերը պահվում են կալանքի տակ», - ասել է Օսկանյանը։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև՝ Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին

«Հիմնադիր խորհրդարանի» ևս մեկ աջակից է բերման ենթարկվել. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է եղել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---