Պետությունը և Քաղաքացին

Պետությունը և Քաղաքացին

PanARMENIAN.Net - Նա չունի Արայիկ Խանդոյանի կամ Պավլիկ Մանուկյանի՝ պատերազմի հերոսի կերպարը, Վարուժան Ավետիսյանի պես լավ քաղաքական հռետոր չէ, ոչ էլ՝ «Ծռերի» որոշ անդամների պես երիտասարդ գեղեցիկ տղա: Նա սովորական մարդ է, ով ստվերում մնաց ՊՊԾ գնդի շուրջ ճգնաժամի գրեթե ամբողջ ժամանակահատվածում: Բայց «Սասնա ծռերի» հենց այս անդամի պատմությունը, թերևս, ամենակարևորն է Հայաստանը նման հզոր ճգնաժամի հասցնելու պատճառները նկարագրելու գործում:

Նա Վարդան Գերավետյանն է, Տերյան 23 փողոցում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ «SOS» գրությամբ պաստառներով պատված հայտնի շենքի բնակիչը: Տարիներով փակցված պաստառներն ահազանգում են շենքի մոտալուտ քանդման մասին: Տարածքը «գերակա հանրային շահ» որակումով օտարվել է Սամվել Մայրապետյանի «Լոքալ դիվելոփերզ» ընկերությանը: Գրեթե Հյուսիսային պողոտայի վրա գտնվող բնակարանների համար բնակիչներին առաջարկվել է փոխհատուցում՝ 1 քառակուսի մետրի համար մոտ 800 դոլար հաշվարկից ելնելով:

Վարդան Գերավետյանը երկար տարիներ պայքար էր մղում բոլոր ատյաններում որոշումը չեղարկելու կամ ավելի շահավետ փոխհատուցում ստանալու համար, սակայն՝ ապարդյուն: Մայիսին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ Վարդան Գերավետյանը 2 ամսում պիտի դուրս գա սեփական բնակարանից: Գերավետյանը դուրս եկավ ու ավտոմատ վերցրեց:

Պետությունը պիտի պաշտպանի իր քաղաքացիներին: Հայաստան պետությունը կատարում է այդ պարտավորության թեև ամենակարևոր, բայց ոչ բավարար պահանջները՝ պաշտպանում է երկրի սահմանները (թեև այստեղ էլ բոլորիս մոտ հարցեր կան բանակի վիճակի, սպառազինության որակի մասին): Երկրի ներսում քաղաքացին իրեն հաճախ անպաշտպան է զգում, հաճախ՝ հենց պետության հետ բախվելիս:

«Հրեշին», որի զոհ դարձավ զենքի դիմած Գերավետյանը, հեռակա կամ սեփական մաշկի վրա այս կամ այն կերպ զգացել ենք բոլորս. դա անպաշտպանության զգացումն է պետության կամ նրա հետ նույնացվող մեծահարուստի առաջ: Դա գիտակցում է այն փաստի, որ պատիկներով հարուստ մարդը կարող է տրորել-անցնել քո վրայով, եթե դու հայտնվել ես նրա ճանապարհին ու նա չի բարեհաճում հաշվի նստել շահերիդ հետ: Ու քանի կա այդ հրեշը, նոր «Սասնա ծռերի» հայտնվելը չի բացառվելու:

Հայաստանի բնակչության մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը, կորցրել է երկրում արդարության գոյության հավատն ու այն վերագտնելու կարիք ունի: Անկախ նրանից՝ ինչպես եք վերաբերվել «Սասնա ծռերի» արարքին, հերոս են նրանք ձեզ համար, թե՝ ահաբեկիչ, եթե ձեզ հուզում է ճգնաժամից ելքերի մասին փնտրտուքը, միշտ հիշեք. Վարդան Գերավետյանի՝ քաղաքի սրտում գտնվող տան քառակուսի մետրը գնահատել են 800 դոլար, և օտարման որոշումն ուժի մեջ է:

Լուսանկարում Վարդան Գերավետյանը ձախից երկրորդն է:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---