ԱԳ փոխնախարար. ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ

ԱԳ փոխնախարար. ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Tert.am-ը:

«Ղարաբաղի ընտրության խնդիրն է, իրենք են որոշել սահմանադրական այդ հայեցակարգը։ Այսինքն՝ այդ արտաքին վտանգի անմիջական գիտակցումը բուն Ղարաբաղում բերել է այդպիսի որոշման: Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, ամենակարևորն այն է, որ համակարգերը լինեն ժողովրդավարական»:

Շավարշ Քոչարյանը համաձայն չէ այն ձևակերպմանը, թե Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է սուպերնախագահական համակարգ. «Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետություն: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Իմ կարծիքով՝ այստեղ դերակատարում է ունեցել այն, որ դեռևս ԼՂՀ հարցը վերջնական կարգավորված չէ, և վտանգ կա»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանի սահմաններն էլ վտանգի տակ են, բայց Հայաստանն ընտրել է խորհրդարանական համակարգը` Շավարշ Քոչարյանն ասել է, որ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք. «Նախ՝ երկրի մեծությունը,պոտենցիալը: ԼՂՀ-ում տարբեր հանգամանքներից ելնելով՝ ընտրել են այդ մոդելը: Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան. իրենց խորհրդարանում 33 պատգամավոր է: Խորանալու դեպքում բազմաթիվ հարցեր կան: Այստեղ կան մասնագիտական հանգամանքներ, որովհետև Հայաստանի ներքին պոտենցիալը, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն այլ են, Ղարաբաղինն այլ է, դրա համար ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԼՂՀ խնդրի կարգավորումը` Շավարշ Քոչարյանն ասել է, որ նախ և առաջ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Եթե դրանք իրականացվեին, ապա բոլորս կտեսնեինք, իսկ առանց դրանց իրականացման ի՞նչ առաջընթացի մասին կարելի է խոսել: Իսկ վտանգները միշտ եղել են, կան, ու միշտ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:

Օգոստոսի 16-ին հրապարակվել է ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Այն հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:

Նախաբանում նշվում է, որ թեև ԼՂՀ 2006թ. դեկտեմբերի 10-ի Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Ասվում է նաև, որ այս ժամանակահատվածում առաջացել է սահմանադրական նորմերի իրավակարգավորումների հետագա բարելավման կարիք, որը թելադրված է հանրային կյանքի նոր իրողություններով, երկրի անվտանգության ու առաջընթացի ապահովման նոր հրամայականներով և պետք է նպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Ըստ հայեցակարգի, անցում է նախատեսվում նախագահական կառավարման համակարգի, քանի որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---