Վարչապետի նոր թեկնածուն. Ինչ է գրում հայկական ու արտասահմանյան մամուլը (Հարցում)

Վարչապետի նոր թեկնածուն. Ինչ է գրում հայկական ու արտասահմանյան մամուլը (Հարցում)

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ և ԳԽ նիստերի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Այդ պաշտոնում նա, ամենայն հավանականությամբ, կփոխարինի նույն օրն առավոտյան հրաժարականի դիմումը ներկայացրած Հովիկ Աբրահամյանին:

Աբրահամյանի հրաժարականն ու Կարապետյանի առաջադրումը լայնորեն լուսաբանվում ու քննարկվում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական ու արևմտյան ԶԼՄ-ներում:

«Առավոտի» խմբագիրն անդրադարձել է ընդդիմության արձագանքին կառավարության փոփոխությանը՝ գրելով, որ այն ստանդարտ է, չի փոխվում արդեն առնվազն 20 տարի:

Նույն հարցի շուրջ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից:

«Երբ հուլիսյանը դեպքերից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին, որպեսզի կարողանան հասարակության կրքերը մեղմել և մասամբ գոհացնել որոշ ակնկալիքներ, արդեն իսկ հասկանալի էր, որ իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումներ պիտի տեղի ունենան։ Եվ քանի որ խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին էր՝ կարելի էր ենթադրել այս սցենարը։ Բայց ինքս տրամաբանություն չէի տեսնում այս փուլում կառավարության փոփոխության, քանի որ առջևում ընտրություններ են։ Չեմ կարծում, որ նոր ձևավորվելիք կառավարությունը կարող է շատ արագ և արմատական փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսության մեջ, որոնք կարող են բարձրացնել իշխանության վարկանիշը։ Ամեն դեպքում, այս ամենը պետք չէ ցավոտ տանել»։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձում է հասկանալ՝ «ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ»:

«Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալիք Աժ ընտրություններից հետո նոր վարչապետը պետք է նշանակվի ՀՀ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով։ Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միևնույն Է՝ Կարապետյանն այլևս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի և վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում։ Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա։ Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչու է նա համաձայնել։ Ըստ ամենայնի, նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել և բացի «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ։ Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը»,–գրում է թերթը։

«Իրավունքը» թերթն էլ զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հետ՝ հետաքրքրվելով՝ սպասելի էր կառավարության ղեկավարի փոփոխությունը։

«Կարեն Կարապետյանը կարգին մենեջեր է, պատրաստված։ Միշտ բարձր եմ գնահատել նրան քաղաքապետ աշխատած ժամանակ։ Ես նրա անձն ընդհանրապես դրական եմ գնահատում»,- նշել է Մանուկյանը։

Միևնույն ժամանակ Associated Press-ը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին, կապել է այն «երկրում վերջին տարիներին գրանցված ամենալուրջ քաղաքական ճգնաժամի հետ»: Ըստ թերթի, Աբրահամյանի այս քայլը սպասելի էր՝ հաշվի առնելով հուլիսի կեսին Երևանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը:

Ռուսական մամուլը ևս անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրմանը: Մանավորապես Gazeta.ru-ն գրում է, որ Կարապետյանի նշանակմամբ, որը կապեր ունի ՌԴ քաղաքական վերնախավում և բարձր պաշտոն էր զբաղեցնում «Գազպրոմում», զգալիորեն կբարձրանա հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մակարդակը: Բացի այդ, Հայաստանը կկարողանա ռուսական նոր ներդրումներ ներգրավել:

«Կոմերսանտն» էլ գրում է Կարապետյանի առավելությունների մասին՝ նշելով, որ ի տարբերություն Աբրահամյանի, նա այնքան էլ չի ասոցացվում երկրի գործող ղեկավարության հետ: Պարբերականը գրում է, որ Կարեն Կարապետյանի նախկին աշխատակիցները «Գազպրոմից» բնութագրում են նրան որպես «էներգիայով լեցուն» և «նորարարական ոգով» աշխատող մարդ, որը, սակայն, նաև իմպուլսիվ է: «Կոմերսանտի» զրուցակիցներից մեկն ասել է. «Նա բավականին շատ բան արեց ՀՀ գազատրանսպորտային համակարգի աշխատանքի բարելավման համար, երբ աշխատում էր «ՀայՌուսգազարդում»: Ասում են, որ Կարապետյանը լավ հարաբերություններ ունի «Գազպրոմի» վարչության ազդեցիկ անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ, ինչը կարող է օգնել նրան նոր որակ հաղորդել ՌԴ իշխանությունների հետ հարաբերություններին»:

Կոմերսանտը մեջբերում է նաև ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևին. «Կարապետյանի ընտրությունը ես հաջողված եմ համարում: Նա հմուտ կառավարիչ է, որն ամուր կապեր ունի ՌԴ և այլ երկրներում: Նա կարող է ամուր թիմ հավաքել և փորձել հաղթահարել այն բացասական միտումները, որոնց մասին խոսվում է հայ հանրության շրջանում` գործազրկություն և արտագաղթ, աճող արտաքին պարտք և ներմուծման ու արտահանման բասացական սալդո»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---