ՀՀ փոխվարչապետ. Տնտեսության մեջ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ

ՀՀ փոխվարչապետ. Տնտեսության մեջ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ

PanARMENIAN.Net - Հայաստանում առկա տնտեսական մոդելն այլևս սպառել է իրեն և այն չի կարող ապահովել տնտեսության հետագա զարգացումը: Այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 20-ին իր պաշտոնում վերանշանակված փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Գաբրիելյանին հարցրել են, թե ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան վեց տարի շարունակ տնտեսական աճ գրանցած Հայաստանում հանկարծ պարզվում է, որ «տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

«Թեզն ավելի մանրամասն կբացվի, իմ տրամաբանությամբ, պարոն Կարապետյանը շեշտել է, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, և անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ՝ հետագա աճի ապահովման համար։ Խոսքն ասյն մասին չէ, որ տնտեսական աճ չի եղել, այն մասին չէ, որ թվերն իրական չեն, խոսքը վերաբերում է զարգացման այն տնտեսական մոդելին, որն առկա էր, և հարկ է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից», - ասել է Գաբրիելյանը։

Վաչե Գաբրիելյանը վստահեցրել է, որ 2016-ի արդյունքում Հայաստանում պարտադիր կգրանցվի տնտեսական աճ 2,5-3,5 տոկոսի սահմանում, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Գաբրիելյանի խոսքով` առաջին կիսամյակում առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել լեռնահանքային արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում և որոշ չափով նաև ծառայությունների և զբոսաշրջության ոլորտում։

«Հարկավոր է ավելի մանրամասն, ըստ ձեռնարկությունների, դիտարկել առավել հեռանկարային ուղղությունները։ Սակայն, ընդհանուր առմամբ, տարվա արդյունքում կգրանցվի աճ, որտեղ արտահանման մասնաբաժինը կլինի ավելի բարձր, քանի երբևէ եղել է», – ասաց Գաբրիելյանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2009-ի տնտեսական խորը ճգնաժամից հետո՝ 2010-2015 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը միջինը տարեկան կազմել է 4 տոկոս: Տնտեսական աճը շարունակվում է նաև այս տարի, երկրորդ եռամսյակում` 1.5 տոկոս:

Ելույթ ունենալով Ազգային ժողովում` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին ես կարող եմ ասել, որ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք։ Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---