Microsoft. ՀՀ-ում կիբերսպառնալիքների քանակն աճել է

Microsoft. ՀՀ-ում կիբերսպառնալիքների քանակն աճել է

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունն արձանագրում է Հայաստանում նոր բիզնես-շրջանի սկզբում կիբեր սպառնալիքների քանակի աճ: Այն պայմանավորված է ընկերությունների կորպորատիվ համակարգիչներին, կայքերին և տեղեկատվական տեխնոլոգիաների ցանցերին ուղղված հարձակումների կտրուկ աճով: Համաձայն վիճակագրության` ԱՊՀ երկրների մանր և միջին բիզնես վարող ձեռնարկությունների ավելի քան 90%-ը առնվազն մեկ անգամ բախվել է կիբեր սպառնալիքի խնդրի հետ, իսկ օգտատերերի 80%-ը կրել է վնասներ:

Չնայած կիբեր հարձակումների բարձր ռիսկին` Հայաստանի օգտատերերը շարունակում են տեղադրել և ակտիվ կերպով օգտագործել հենային ծրագրային ապահովումը: BSA ասոցիացիայի «2016 Global Software Survey» լայնամասշտաբ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 2015-ին Հայաստանի օգտատերերի համակարգիչներում տեղադրված ծրագրային ապահովման 86%-ը եղել է ոչ արտոնագրված: Նախորդ տարվա համեմատ, հենության մակարդակը մնացել է անփոփոխ, այն դեպքում, երբ 2015-ին ամբողջ աշխարհում համակարգիչներում տեղադրված ծրագրային ապահովման ընդհամենը 39%-ն է եղել ոչ արտոնագրված:

2015-ին ամբողջ աշխարհում օրական գրանցվել է 1 միլիոն նոր կիբեր սպառնալիք: Թիրախավորված կիբեր հարձակումներից 65%-ը վնաս են հասցրել մանր և միջին բիզնեսներին: 2015-ին բիզնեսին կիբեր հարձակումներով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 400 միլիարդ դոլար:

Կիբեր սպառնալիքներն իրենց հետևանքներն են թողնում բիզնեսի վրա: «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ասում են, որ այսօր առավել հաճախ են դարձել թիրախավորված հարձակումները, որոնք ամենամեծ վտանգն են ներկայացնում: Դրանց նպատակը ընկերության ամենաարժեքավոր և գաղտնի տվյալնների ստացումն է:

Թիրախային հարձակումների ենթարկված ընկերությունների գրեթե 35%-ն աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հեռահաղորդակցությունը, պաշտպանական համալիրը, շինարարությունը, փոխադրումը և արդյունաբերությունը: Ակնհայտ է, որ նման կառույցների ՏՏ-ներին ուղղված հարձակումները վտանգի են ենթարկում ոչ միայն ինքնին ընկերությանը, այլ նաև ողջ տարածաշրջանի ենթակառուցվածքին:

Հենությանը հակազդելու համար Microsoft-ը ձեռնարկություններին առաջարկում է օգտագործել միայն արտոնագրված ծրագրային ապահովումներ, պարբերաբար անցկացնել ընկերության կորպորատիվ անվտանգության հիմունքների մասին սեմինարներ, ինչպես նաև օգտագործել տվյալների պահպանման հատուկ ծրագրեր: Microsoft-ը պնդում է, որ ընկերությունների մեծ մասը կարող է նվազեցնել ոչ վստահելի աղբյուրներից ձեռք բերվող անօրինական ծրագրային ապահովման կիրառման հետ կապված կիբերհանցագործությունների ռիսկը այն ծրագրերի տեղադրմամբ (Software Assurance Management, SAM), որոնք այսօր արդեն հասանելի են Հայաստանում:

Ամռանը Հայաստանում Hi-Tech կիբեր անվտանգության Կենտրոնի շուրջ համատեղ աշխատանքի շրջանակներում «Կասպերսկու լաբորատորիայի» և հայ-ռուսական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Վերջինիս գլխավոր նպատակն է երկրի պաշտպանության համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների սերտ համագործակցությունը ուսումնական հաստատությունների հետ կիբեր սպառնալիքների նկատմամբ պաշտպանության համակարգերի անխոցելիության մակարդակի բարձրացման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---