Աբգարյանը Երևանում ներկայացրել է «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը

Աբգարյանը Երևանում ներկայացրել է «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ Նարինե Աբգարյանը սեպտեմբերի 22-ին ներկայացրել է «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը՝ նախատեսված երեխաների համար: Այն ստեղծվել է համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմի սյուժեի վրա, որը 1986-ին «Հայֆիլմի» համար գրել էր սցենարիստ Արմեն Վաթյանը:

Հեղինակը նշել է, որ գիրքը հավասարապես նաև Արմեն Վաթյանինն է:

«Այստեղ փոքրիկների համար ներկայացված է հսկայի հզոր ուժը, որը ոչ թե քանդելու, այլ ստեղծելու համար է: Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես: Իմ կարծիքով` հենց այդ հրաշքի գաղափարն էլ ամենաշատը դուր կգա փոքրիկներին»,-ասել է Աբգարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Ներկայումս հեղինակն աշխատում է Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող գրքի վրա. «Այդ պատերազմը ես էլ եմ ապրել, զգացել, այդ ժամանակ բնակվում էի Հայաստանում: Նոյեմբերին նախատեսում եմ գնալ Արցախ՝ գրքիս համար լրացուցիչ նյութեր հավաքելու»:

Իսկ իրեն գրողն այսպես է ներկայացրել. «Երևի ես բախտավոր մարդ եմ, ես անում եմ այն, ինչ ամենաշատն եմ սիրում՝ գրում եմ ու դրանով երջանիկ եմ»:

Շնորհանդեսին ներկա գրքի պլաստիրինե նկարազարդումների հեղինակ նկարիչ Լևոն Աբրահամյանն էլ ասել է, որ սիրով է աշխատում մանկական գրքերի հետ. «Գրքերի այսպիսի նկարազարդումներն իր տեսակի մեջ նորություն են: Նկարներն ամբողջությամբ ստեղծվել է պլաստիրինից: Մեծ սիրով եմ աշխատել ամեն մի դելատի վրա, քանի որ աշխատանքիս գերխնդիրն է նկարների միջոցով բարություն հասցնել երեխաներին»:

Շնորհանդեսին ներկա երեխաների համարժ Աբգարյանը գրքից հատվածներ ընթերցեց, զրուցեցնրանց ու նրանց ծոնողների հետ:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, այս տարի՝ «Զուլալի» գիրքը:

Կարդացեք նաև՝Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի կարճ ցուցակում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---