Քաղաքապետարան. Երևանի օրը համեստ կնշվի, հրապարակում համերգ չի լինելու

Քաղաքապետարան.  Երևանի օրը համեստ կնշվի, հրապարակում համերգ չի լինելու

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք 2016-ին պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:

«Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին:

Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից: Ըստ այդմ, Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքի, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը», - նշել է քաղաքապետ Մարգարյանը:

Խորհրդակցությանը մասնակցող սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Քաղաքապետը հանձնարարել է կազմել նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը ևս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում և կկազմակերպվի հոկտեմբերին:

2014-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար ծախսվել է 180 միլիոն դրամ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---