Մոգերինի. Ընտրություններին ընդառաջ ՀՀ-ի Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլ էր

Մոգերինի. Ընտրություններին ընդառաջ ՀՀ-ի Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլ էր

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումները: Այս մասին, սեպտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային գործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---