Հռոմի պապի պատարագը Թբիլիսիում անցել է կիսադատարակ մարզադաշտում

Հռոմի պապի պատարագը Թբիլիսիում անցել է կիսադատարակ մարզադաշտում

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը այցով գտնվում է Վրաստանում, պատարագ է մատուցել գրեթե դատարակ մարզադաշտում, քանի որ Վրաց ուղղափառ եկեղեցին խորհուրդ էր տվել հավատացյալներին զերծ մնալ մասնակցությունից կաթոլիկների պատարագին:

Ստադիոնը, որը մոտ 25.000 մարդ կարող է ընդունել, կիսադատարկ էր` Պապին լսելու էր եկել ընդամենը մոտ 3.000 մարդ:

Ըստ պաշտոնական տվյալների, կաթոլիկների թիվը Վրաստանում չի գերազանցում 1 տոկոսը:

Ակնկալվում էր, որ Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Թբիլիսիի արարողությանը, սակայն արդյունքում դա տեղի չունեցավ: Պատարգին ներկա էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Պապի այցից 2 օր առաջ Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ուղղափառները չեն կարող մասնակցել կաթոլիկների ժամերգություններին ու պատարագներին դավանական տարբերությունների պատճառով, որոնք սկիզբ են առնում 1054թ. պառակտումից: Նույն հայտարարության մեջ ՎՈւԵ պատրիարքարանն անընդունելի էր համարել բացասական արտահայտությունները Հռոմի պապի մասին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը սեպտեմբերի 30-ին ժամանել է Թբիլիսի, դիմավորել են բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները պաստառներ էին պարզել անգլերեն և վրացերեն լեզուներով, որոնց վրա գրված էր` «Վատիկանը հոգևոր ագրեսոր է», «Հեռու մնա Վրաստանինց, հակաքրիստոս»: Նրանք կանգնել էին օդանավակայանից դեպի մայրաքաղաք տանող ավտոճանապարհի եզրերին, հայտնում է BBC-ին:

Հոգևորականության որոշ ներկայացուցիչներ, որոնք սատարում էին ցուցարարներին, հայտարարել են, որ Պապը Վրաստան է ժամանել մարդկանց դավանափոխ անելու համար` ուղղափառությունից կաթոլիցիզմ, և որ նրա այցը Վատիկանի հոգևոր ագրեսիան է վրաց ուղղափառների դեմ:

Հռոմի պապի այցը Հայաստան ավելի վաղ է կայացել` հունիսին: Հունիսի 24-ին Հայաստանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ տեղի ունեցածը կոչել է կանխամտածված ցեղասպանություն։ Իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ընդգծեց «ցեղասպանություն» բառը, որը նախապես պատրաստված տեքստից դուրս էր մնացել՝ Հայոց ցեղասպանությունը դասելով Հոլոքոստի ու Ստալինիզմի կողքին:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---