Արցախում նորակառույց ջերմոցներ ու գործարան է բացվել

Արցախում նորակառույց ջերմոցներ ու գործարան է բացվել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:

Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ հատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա:

Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրականհնարավորություններին:

Այնուհետև Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետկապված մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում:

«Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործումառանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմն որոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվել հայեցակարգի մշակման աշխատանքներում:

Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության, այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին:

«Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայն այն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցած գյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածր բերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը:

Քննարկմանը ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետից ստացել պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---