Համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՏ համայնքի հետ

Համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՏ համայնքի հետ

PanARMENIAN.Net - «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Պուզենը յոթերորդն է՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացածների շարքում:

Ներկաների համար նախատեսված՝ ինտերնետի ստեղծման մասին կարճ դասախոսությունից առաջ տեղի է ունեցավ Լուի Պուզենի համատեղ մամուլի ասուլիսը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի և «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանի հետ:

Լուի Պուզենը Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը ստանալու համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի նստավայրում:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

«Լուի Պուզենի, ինչպես և մեծանուն մյուս մրցանակակիրների այցելությունները Հայաստան, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ նրանց հանդիպում-դասախոսությունների նշանակությունն անգնահատելի է: Այս հանդիպումները չափազանց արժեքավոր են միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու, ոլորտի վերաբերյալ նորարարական գաղափարներ ներկայացնելու տեսանկյունից, ինչպես նաև խթանում են մասնագետների ու սկսնակների ստեղծագործական միտքն ու կամքը՝ հասնելու անձնական և մասնագիտական որակների կատարելության ու համարձակորեն ձգտելու նոր բարձունքների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Քչերն էին հավատում, որ նման մրցանակաբաշխություն կարելի է կազմակերպել Հայաստանում և որ համաշխարհային ՏՀՏ ոլորտի մեծերը ամեն տարի կժամանեն Հայաստան՝ ստանալու այս մրցանակը։ Անցել է 7 տարի, և թերահավատներ այլևս չկան։ Մրցանակաբաշխությունը հաջողել է, և ամեն տարի մենք հնարավորություն ունենք հյուրընկալելու լեգենդար անձանց, որոնք բարձրացնում են մեր երկրի վարկանիշը և ճանաչելիությունն ամբողջ աշխարհում»,-ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ 2016 թվականի մրցանակակիր է ճանաչվել Լուի Պուզենը և որ նա կարողացել է ժամանել Հայաստան՝ մրցանակը ստանալու։ Լուի Պուզենի գործունեությունը նվիրված էր նոր տեխնոլոգիայի ստեղծմանը և կիրառմանը, տեխնոլոգիա, որն օգտագործվել է TCP/IP պրոտոկոլների ձևավորման մեջ։ Դա այն է, ինչի վրա կառուցվել է ինտերնետը։ Նրան ճանաչում են որպես համացանցի նախահայրերից մեկը: Այսպիսով, մենք շարունակում ենք բարձր պահել ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակի բարձր նշաձողը»,- ասել է «Վիասֆեր Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանը։

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև՝ Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է աջակցություն: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ համայնքի վրա հրավիրելու առումով: Մրցանակաբաշխության իրականացմանն աջակցությունը ընկերության կողմից իրականացվող սոցիալական ներդրումների մաս է կազմում՝ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:

Յոթերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Ծրագրի իրականացման համար ընկերությունը մինչ օրս 144.2 միլիոն դրամ է հատկացրել:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---