Վարչապետ. ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր են պետք

Վարչապետ. ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր են պետք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: Այս մասին վարչապետն ասել է կառավարությունում նոյեմբերի 8-ին տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված գործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:

Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր:

«Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են: Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», - նշել է Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին և, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է և հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ և առարկայական ծրագրեր են անհրաժեշտ: Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 3-ին խորհրդակցություն էր հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար», - ասել էր վարչապետը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---