ՀՀ նախագահ. Բաքուն գրավել չենք ուզում, բայց կարող ենք անդառնալի կորուստ հասցնել

ՀՀ նախագահ. Բաքուն գրավել չենք ուզում, բայց կարող ենք անդառնալի կորուստ հասցնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Այս մասին նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակմանը, երբ պատերազմի հանցագործություններ կատարվեցին խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ:

«Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են ապրիլից առաջ և ապրիլից հետո փուլերին: Թե առաջ, թե հետո մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը: Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանացությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն, և ոչ պակաս կարևոր է, որ կողմերը հստակ ու իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը»,- շեշտել է նախագահը:

ՆԱ հավելել է, որ ապրիլյան իրադարձությունները ապացուցել են, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան:

«Մեր բանակը կարողացավ լուծել իր մարտական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂՀ խնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերը ածանցյալ են»,- ասել է Սարգսյանը՝ շեշտելով, որ քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:

«Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա հայտարարելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում, սակայն և շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարի չկա»,- ասաց նախագահը՝ մանրամասնելով, որ չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ:

«Դրանում որևէ իմաստ չեմ տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր ԶՈւ առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար: Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը»,- ասել է նախագահը՝ նշելով, որ մարդը, զինվորը, շարունակում է մնալ ԶՈՒ առանցքային միավորը:

«Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի ԶՈւ անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը: Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է՝ մարտի դաշտում կարևորը զենքը գործածելու կարողությունն է, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նոյեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Հանրապետական կուսակցության 16–րդ համագումարը վերջինն է 2017-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի սպասվում է, որ փոփոխություններ են լինելու ՀՀԿ ղեկավար կազմում։ Երեկ այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև վստահություն էր հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմում։ Մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Կարեն Կարապետյանը լինելու է կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունում սպասվում են նաև կանոնադրական փոփոխություններ։

Կարդացեք նաև՝Սերժ Սարգսյան. 2017-ի ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

Նախագահ. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը շարունակաբար աճել են

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---