Իրանի նախագահը Երևանում է. Նրան դիմավորել է Սարգսյանը

Իրանի նախագահը Երևանում է. Նրան դիմավորել է Սարգսյանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության նախագահը, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հայաստան ուղևորվելիս Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Սև ծովին և Եվրոպային:

ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ, նա կարևորել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացումը:

Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրի հարաբերությունները տարբեր ոլորտներում։Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։

Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2015-ին նվազել էր 5.2 տոկոսով և կազմել 276 միլիոն դոլար։

Երկու երկիրը, սակայն, աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները, խոսքն արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երկրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է։ Իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը։ Բացի այդ, կողմերն աշխատում են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու շուրջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---