Պատգամավոր. Ռուս-ադրբեջանական գործակցությունը շատ թանկ նստեց հայերի վրա

Պատգամավոր. Ռուս-ադրբեջանական գործակցությունը շատ թանկ նստեց հայերի վրա

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համար բոլոր ռեսուրսները չէ, որ օգտագործված են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի 4-րդ համատեղ նիստի ժամանակ: Պատգամավորն անդրադարձել է հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերին, հայտնում է Aysor.am-ը։

Մատնանշելով հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծումը՝ Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ սա միայն մի քայլ է հայ-ռուսական համագործակցության զարգացման համար։

«Ապրիլյան իրադարձությունները փաստում են, որ մենք մտածելու բան ունենք, թեև ռազմական հետագա էսկալացիան կասեցվեց ՌԴ ազդեցությամբ, այդուհանդերձ մենք՝ հայերս, բավականին մեծ գին վճարեցինք այդ իրադարձությունները կասեցնելու համար։ Ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ թանկ նստեց մեզ վրա», - ասել է Խոսրով Հարությունյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է ՌԴ-Թուրքիա հարաբերությունները, քանի որ դրանք դրական կարող են անդրադառնալ նաև տարածաշրջանի վրա։

Մինչդեռ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը համաձայն չէ ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկման հետ, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը ծանր է նստել Հայաստանի վրա։

Խոսելով Ադրբեջանի հետ ունեցած Ռուսաստանի լավ հարաբերությունների մասին՝ Զատուլինն ընդգծել է, որ դրանք միտված են Ադրբեջանին հեռու պահել Հարավային Կովկասում իրականացվող արկածախնդրություններից:

«Փորձագետների մի խումբ հերքում է այն կարծիքը, որ Ռուսաստանից ձեռք բերած «Սոլնցեպյոկն» ու «Սմերչ»-ը լուրջ դեր են խաղացել Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմը սկսելու համար։ Իսրայելից ձեռք բերած զենքերն ավելի մեծ դերակատարում ունեցան այդտեղ։ Այս թեմայի շուրջ չեմ ցականում ծավալվել, բայց ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին չի վաճառում զենք, ապա Ադրբեջանը կգտնի այն ձեռք բերելու ուրիշ աղբյուր», - ասել է նա։

Զատուլինը շեշտել է, որ այդ իրադարձություններից Ռուսաստանը հետևություններ է արել և հասկանում է, որ Հայաստանը պետք է լինի զինված և այդ տեսանկյունից վստահ զգա իրեն։ Որպես լավագույն օրինակ, Զատուլինը ընդգծել է օրերս ՌԴ և ՀՀ միջև ստորագրված միասնական զորախմբի մասին համաձայանգիրը, նաև Հայաստանին «Իսկանդերների» տրամադրումը։

Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, ապրիլի 8-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Նա հավելել էր նաև, որ «եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր»:

Ընթերցեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---