Իսրայելը մտավախություն ունի, որ Ղարաբաղ այցելած բլոգերին կարտահանձնեն Ադրբեջան

Իսրայելը մտավախություն ունի, որ Ղարաբաղ այցելած բլոգերին կարտահանձնեն Ադրբեջան

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում:

Լապշինը Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն, գրում է The Times of Israel-ը:

Իսրայելի ԱԳՆ-ն բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ իր մտավախությունները հայտնել էր իսրայելյան Haaretz-ում, իսկ ավելի ուշ նաև The Times of Israel-ում:

Լապշինի ընտանիքն իր հերթին հայտարարում է, որ Բելառուսի իրավապահները փորձում են ստիպել նրան համաձայնություն ստորագրել արտահանձնման վերաբերյալ: Եթե նա ստորագրի դա, հետագայում զրկված կլինի արտահանձնումը բողոքարկելու իրավունքից: Բլոգերի ընտանիքը վախենում է նրա կյանքի համար, եթե նա արտահանձնվի Ադրբեջանին:

Լապշինի կինը` Եկատերինա Կոպիլովան, հայտնել է Haaretz-ին, որ դեկտեմբերի 25-ից հետո 2 իրավապահ մտել է իր ամուսնու բանտախուցն ու հայտարարել, որ Բելառուսին են փոխանցվել նրա արտահանձնման փաստաթղթերը: Նրանք ասել են, որ բլոգերին կուղարկեն Բաքու, որից հետո անմիջապես կփոխանցեն Իսրայելի պաշտոնյաներին և կտեղափոխեն Իսրայել: Հաջորդ օրը, ըստ բլոգերի կնոջ, նրան տեղափոխել են ավելի վատ պայմաններով այլ բանտախուց: Նա ենթադրել է, որ բլոգերի վրա փորձում են հոգեբանական ճնշում գործադրել` խախտելով նրա իրավունքները:

Դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Միլիցիան հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,-գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում:

Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչի համար դեռ 2011-ին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»: 2015-ի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը:

Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել է Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---