Ուկրաինայում Այվազովսկու հոբելյանին նվիրված հուշադրամ կթողարկվի

Ուկրաինայում Այվազովսկու հոբելյանին նվիրված հուշադրամ կթողարկվի

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային բանկն «Ուկրաինայի ականավոր գործիչներ» շարքում կթողարկի «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի հուլիսին 25 000 քանակով, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ կթողարկվի նաև գեղաթերթիկ:

«Հուշադրամի և գեղաթերթիկի թողարկումը, նվիրված մեծ նկարչի ծննդյան 200-ամյակին, վկայում է համաշխարհային գեղանկարչության գանձարանում Իվան Այվազովսկու ունեցած ավանդի պետական ճանաչման մասին և վկայությունն է հայ և ուկրաինական մշակույթի փոխադարձ հարստացման»,-ասել է ուկրաինացի տեսաբան, պատմաբան Մաքսիմ Ցարենկոն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ՌԴ ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ:

2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---