National Geographic-ից Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին

National Geographic-ից Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը:

Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

«Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարևորությունն ընկալելու համար: Իրազեկման և խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն և համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը:

Սա է այն ոգին և նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին: Միացեք ինձ՝ օգնելով շարժել փոփոխությունների անիվը լուսանկարչության միջոցով», - ասել է Ստենմայերը:

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը և Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան և համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր և «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության և լուսավոր ապագայի գաղափարները:

Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին ավելին կարելի է իմանալ այստեղ:

Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը 2004-ից աշխատում է National Geographic ամսագրի համար: Նա լուսանկարել է ավելի քան 100 երկրում: 10 տարի Ջոնն աշխատել է TIME ամսագրի համար: 2014թ. նա ստացել է հեղինակավոր World Press Photo of the Year մրցանակը: 2015թ. Ստենմայերը ժամանել է Հայաստան՝ աշխատելու National Geographic-ի «Ուրվականների երկիրը» (Ghostlands) ֆոտոոպատմության վրա: Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է և թատերագետ: 2010-ին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Ալեսը եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարբեր տարիների ժյուրիի անդամ: Նա «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Բուլղարիայի ամերիկյան համալսարանում լրագրողի մասնագիտություն ստանալուց հետո 2006-ից Անուշ Բաբաջանյանը Երևանում սկսել է աշխատել BBC Monitoring ծառայության համար: Անուշի գործունեության մեծ մասը նվիրված է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղությանն ուղղված նախագծերին: Անուշ Բաբաջանյանի լուսանկարները հրապարակվել են Washington Post, VICE News, National Geographic և այլ միջազգային ու տարածաշրջանային պարբերականներում:

Ավստրալիայում և Հայաստանում բնակվող Վիգեն Գալստյանն արվեստի տեսաբան է և համադրող, լուսանկարչության, ֆիլմերի և հայ ժամանակակից արվեստի մասնագետ: 2011թ. նա համահիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչական հիմնադրամը: Կինոյի և լուսանկարչության մասին նրա էսսեները հայտնվել են մի շարք հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են Sweet sixties, We used to talk about love, Garden of the East:

Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ և վավերագրող է: Նա իր գործունեությունն սկսել 1980-ական թվականներին: 1988 թվականից որպես լուսանկարիչ վավերագրել է Ղարաբաղյան շարժումը՝ ծագումից մինչև պատերազմի տարիներ: Զավեն Խաչիկյանն աշխատել է Associated Press, TASS, TIME, Paris Match և մի շարք այլ միջազգային պարբերականների համար: Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի և UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը:

Կարդացեք նաև՝ «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը հայտնի է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---