Նալբանդյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն, եթե Բաքուն չհրաժարվի

Նալբանդյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն, եթե Բաքուն չհրաժարվի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: Այս մասին ԱԳՆ-ում լրագրողներին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Եռանախագահների կողմից առաջարկվել է հանդիպում՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին։ Նաև նրանք առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, ես նկատի ունեմ արտգործնախարարների կամ այլ մակարդակներով, քանի որ եռանախագահների կողմից տարածաշրջանային այցելություններ, հանդիպումներ մշտապես լինում են», - ասել է Նալբանդյանը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա, եթե Ադրբեջանը չհրաժարվի դրանից։

«Այս պահին չեմ կարող հաստատել, քանի որ չգիտենք՝ ի՞նչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը՝ ո՞վ գիտի, ինչպես դա եղավ Համբուրգում և Համբուրգից բազմաթիվ անգամ առաջ։ Այսինքն պայմանավորվում ենք մեկ բանի շուրջ, հետո վերջին րոպեին իրենք ձևացնում են, թե ինչ-ինչ պատճառներ կան, անգամ ներկայացնում են, որ հայկական կողմն է հրաժարվում՝ ինչն աբսուրդ է», - պարզաբանել է Նալբանդյանը:

«Տեսնենք, միգուցե և նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի», - ընդգծել է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա միջնորդական գործընթացի վրա:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, դիրքրոշումները: Կարծում եմ` անձերի փոփոխությունն էական լուրջ որևէ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի և գործընթացի վրա», - ասել է Նալբանդյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը տարեկան ամփոփիչ ասուլիսին անդրադարձել է նաև դեկտեմբերի 29-ի Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիային:

«Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել ու ով է կանգնած դրա հետևում՝ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե տեղական ինչ-որ հրամանատարներ, թե ինքնաբուխ է արվել՝ ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից: Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են», -նշել է Նալբանդյանը, գրում է Aysor.am-ը:

Նա շեշտել է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել, դա մեկնաբանությունից վեր է:

«Չնայած որևէ մեկը, կարծում եմ, կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունակ է նման հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդումից», - նշել է ՀՀ արտգործնախարարը:

Նրա խոսքով, եթե այդ հրամանը տվել են տեղական հրամանատարներ, դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա ու կարող են այնպիսի գործողությունների գնալ՝ անկանխատեսելի հետևանքներով, որը կարող է ոչ միայն սրել, այլև այլ շատ բացասական զարգացումների բերել:

«Ասենք, ինչ-որ խելագարված դիվերսանտներ են դա արել. իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են այսպիսի երևույթներ լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին», - շեշտել է նա:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է՝ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը և, առաջին հերթին, համանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին՝ կորցնելով իրականության զգացումը:

Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---