«Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին

«Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելն իր քաղաքական նշանակությամբ համարժեք է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուն: Խորհրդարանական քառօրյայում այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

Նիկոլ Փաշինյանը այդ հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է արել փետրվարի 8-ին՝ ժամը 15-ին, հավաքվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց` իրավիճակի վերաբերյալ կոշտ դիրքորոշում արտահայտելու համար:

«Կարծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հետ կանչի Բելառուսում Հայաստանի դեսպանին և դիվանագիտական ու քաղաքական ամենակոշտ հակազդեցության միջոցները ձեռնարկի», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի կոչին հավանություն է տվել «Ելք» դաշինքը («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններ)` պահանջելով սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

«Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է Բելառուսի իշխանությունների՝ խոսքի ազատության իրավունքը ոտնահարող այս քայլը և այն համարում վիրավորանք հայ ժողովրդի հասցեին: Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը Հայաստանի նկատմամբ կրում է ձևական բնույթ և չի կարող Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման գործոն լինել»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ, որը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ելք» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է հետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին և սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---