Կարապետյանը՝ Սոկոլովին. Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը կներգրավի ռուսական կապիտալը

Կարապետյանը՝ Սոկոլովին.  Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը կներգրավի  ռուսական կապիտալը

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում: Այս մասին ասվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպմանը:

Մաքսիմ Սոկոլովը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կան առաջընթաց քայլեր:

Բարձր գանահատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ Կարապետյանը կրկին նշել է, որ կա մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Այդ առումով, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում, նպաստել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ռուսական կողմի հետ արդեն իսկ հստակ քայլեր են իրականացվում գյուղտեխնիկայի մատակարարման գործընթացի ուղղությամբ: Կարապետյանը և Սոկոլովն անդրադարձ են կատարել տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին և դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերի:

ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Սոկոլովի խոսքով՝ այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:

Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին:

2017-ի հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ կստեղծվի: Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել էր ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը ապահովելու ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---