Սուրենյան. Առաջիկա 10 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Սուրենյան. Առաջիկա 10 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը պահպանվելու է նաև առաջիկա 3 օրերին: Դրանով պայմանավորված Հայաստանի տարածքում մինչև փետրվարի 15-ը տեղումները կշարունակվեն: Այս մասին հայտնել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 16-ի ցերեկը տեղումների առումով դադար է, 16-ի երեկոյան ժամերին թույլ ձյուն կտեղա հանրապետությունում: Իսկ այնուհետև հյուսիս-արևմուտքից անտիցիկլոն է ներթափանցելու դեպի մեր երկրի տարածք: Փետրվարի 17-ի ցերեկվանից սկսած եղանակը կպարզի ու տեղումներն ամենուրեք կդադարեն: Արդեն ամսի 18-ին հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի»,- մանրամասնել է օդերևութաբանը, գրում է Armtimes.com-ը:

Հարցին, թե արդյոք եղանակի պարզելու հետ մեկտեղ օդի ջերմաստիճանը կփոխվի, Սուրենյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում:

Սուրենյանի խոսքով, օդի ջերմաստիճանը մինչև 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ամբ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Եվ սրա պատճառը ոչ միայն եղանակի պարզեցումն է, այլև արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, անտիցիկլոնի առկայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---