Սարգսյան. ՀՀ և ՌԴ ռազմական դաշինքն անփոխարինելի է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար

Սարգսյան. ՀՀ և ՌԴ ռազմական դաշինքն անփոխարինելի է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար

PanARMENIAN.Net - Գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման և միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման գործում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:

Նա հավելել է, որ դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։ «Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաև արտգործնախարարներին և պաշտպանության նախարարներին, որոնցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, որ Հայաստանի անվտանգության կարևորագույն տարրերից մեկն է Հայաստանի և Ռուսաստանի ձևավորած ռազմական դաշինքը: Նա նշել է, որ որևէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա` այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա:

«Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաև ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, որ Հայաստանը շարունակելու է աշխույժ դրական օրակարգ ձևավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: «Այս բոլորը կարևոր գործոններ են մեր մյուս հարևանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար»,-ասել է նա:

Նշվել է, որ վերջին շրջանի ուրախալի լուրերից մեկն էր Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:

«Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետևենք այս ուղղությամբ զարգացումներին: Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները՝ պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները:Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով, անշուշտ, կարծում եմ՝ բոլորիս են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին` նշելով, որ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չկա:

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերը, իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով բարձրացնել ու կատարելագործել գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի և զորքերի կառավարման, գործառութային պարտականությունների կատարման բնագավառներում, պաշտոնատար անձանց մոտ ձևավորել միասնական պատկերացումներ ու տեսակետներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---