Թուրքիայի ՊՆ ղեկավար. Սիրիացի քրդերի հարցում ՌԴ հետ տարաձայնություններ կան

Թուրքիայի ՊՆ ղեկավար. Սիրիացի քրդերի հարցում ՌԴ հետ տարաձայնություններ կան

PanARMENIAN.Net - Մոսկվան չի կիսում Անկարայի դիրքորոշումն, ըստ որի սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

«Լսել եմ ռուսական կողմի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն կարող է աշխատել Թուրքիայի հետ սիրիական Ռաքքայի ուղղությամբ...Սակայն, որքան տեսնում եմ, Ռաքքայի ազատագրումով այժմ ավելի շատ հետաքրքրված է կոալիցիան: ՌԴ շահերը Հալեպում և Սիրիայի արևմուտքում են: Սխալ է օգտագործել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը մեկ այլ ահաբեկչկան կազմակերպության դեմ պայքարում: Մենք բացատրում ենք Ռուսաստանին, որ սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը նույն ՔԱԿ-ն է, բայց չեմ կարող ասել, թե մեզ լավ են հասկանում»,-ասել է Իշիկը NTV-ի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը Սիրիայի հարցում ավելի մոտ է Թուրքիայի շահերին, քան նախկին նախագահ Բարաք Օբամային վարչակազմինը:

Ավելի վաղ Քոբանիի քրդական կանտոնի կառավարության ղեկավար Անվար Մուսլիմը հայտարարել էր, որ սիրիացի քրդերը չեն հանձնի իրենց տարածքները, այդ թվում Մանբիջ քաղաքը Անկարայի հսկողությանը, իսկ թուրքական գրոհների դեպքում իրենց պաշտպանվելու իրավունք են վերապահում: «Էրդողանը փաստացի փոխանակում է արել` Հալեպը փոխելով այս տարածքի հետ: Բայց մենք պայքարելու ենք մեր հողի համար»,-ասել է սիրիացի քրդերի ներկայացուցիչը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---