Լոքյան. Գյուղոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով կավելացնենք

Լոքյան. Գյուղոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով  կավելացնենք

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը նախատեսվում է մինչև 2025թ. 10%-ով ավելացնել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաև ոլորտում գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Քննարկվել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները:

«Մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով ավելացնել. դա նշանակում է` մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-ներ և շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս: Երկրորդ կարևոր պայմանը ՀՆԱ-ի որոշակի մակարդակի հավասարեցման խնդիրն է: Հաշվարկվել է, որ 2025 թվականի դրությամբ, առանձին վերցված, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 %-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի քան 30%-ը:

Երրորդ կարևոր չափելի հասկացողությունը, որ մենք ֆիքսել ենք ռազմավարությունում, մարդկային կապիտալի որակի հետ կապված փոփոխությունն է երկրում, միջին և բարձրագույն կրթությամբ մարդկանց թվի որոշակի սահմանի ապահովումը: Ուրեմն, այս երեք չափելի արդյունքներով մենք պետք է առաջնորդվենք ռազմավարությունը յուրաքանչյուր տարվա վերջում գնահատելու համար»,- նշել է նախարար Լոքյանը:

Նախարարն անդրադարձել է նաև բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրներին, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերին, ինչպես նաև տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքներին:

Նախարարի կողմից ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Քննարկման մասնակիցները, ողջունելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ներկայացրել են տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի հիմնարար խնդիրների լուծմանն ուղղված իրենց տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև համագործակցելու և նոր գաղափարներով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հանդիպումները դարձնել շարունակական:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---