2 հոկտեմբերի 2007 - 15:25 AMT
Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է
Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուլղարիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Նրա խոսքերով, խորհդարան ներկայացված օրինագիծը մերժվել է էթնիկ թուրքերի կուսակցության կողմից, որը մտնում է կոալիցիոն կառավարության մեջ: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հիվանդագին է բուլղարական համայնքի համար, որտեղ շատ են էթնիկ թուրքերը: Միեւնույն ժամանակ, թուրքական համայնքի կողմից ապրիլի 24-ին երբեք ելույթներ չեն եղել հայերի դեմ, միայն մի անգամ հոդված է եղել թուրքալեզու թերթում, որի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել»,- նշել է Մանասարյանը: Հայ դիվանագետը գտնում է, որ կարելի է հարցի առաջխաղացում ակնկալել Բուլղարիայի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո:

Նշենք, որ Բուլղարիայի խորհրդարանը 2006 թվականի մայիսի 12-ին մերժել է արմատական կուսակցություններից մեկի կողմից ներկայացված բանաձեւը Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Նիստին ներկա 170 խորհրդարանականներից 81-ը «դեմ են» քվեարկել, 56-ը` «կողմ», 33 պատգամավոր ձեռնպահ են մնացել: «ԱՏԱԿԱ» ազգայնամոլական կուսակցությունը կոչ էր անում խորհրդարանին ապրիլի 24-ը ճանաչել «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները տվյալ քայլը բացատրել են նրանով, որ «բանաձեւի ընդունումը կհանգեցնի թուրք-բուլղարական հարաբերույթունների սրմանը, ինչպես նաեւ լարվածություն կստեղծի կոալիցիոն կառավարությունում, որը կազմված է երեք կուսակցություններից, այդ թվում թուրքական փոքրամասնության կուսակցությունից»: