Ղազարյանի վնասվածքը լուրջ է. Կհետազոտվի Գերմանիայում

Ղազարյանի վնասվածքը լուրջ է. Կհետազոտվի Գերմանիայում

PanARMENIAN.Net - Հարձակվող Գևորգ Ղազարյանի՝ Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին ստացված վնասվածքը բավականին լուրջ է: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը:

Նախնական հետազոտությամբ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է:

Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Ղազարյանը կենթարկվի վիրահատության, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ Ղազարյանի առողջությունն ավելի կարևոր է, քան հաղթանակը: Նա նաև մեկնաբանել է խաղը.

«Առաջին խաղակեսում վատ հանդես չեկանք, լավ էր, պարզապես մեր գոլային պահերը չօգտագործեցինք: Երկրորդ կեսում հակառակը ստացվեց. մինչև գոլերը մի փոքր պասիվ էինք, բայց հետո ստացվեց գոլ խփել, որն ամենակարևորն էր, խաղի թելը մեր ձեռքում էր և կարողացանք այն ավարտին հասցնել:

Ինչ վերաբերում է Գևորգ Ղազարյանի վնասվածքին, չեմ կարող ասել, թե դա փոխեց թիմի պլանները, քանի որ նա վնասվածք ստացավ հենց առաջին րոպեին: Նրան փոխարինած Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրություններով: Բայց ամենակարևորը՝ Ղազարյանին առողջություն եմ մաղթում, քանի որ դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»,- ասել է Մխիթարյանը:

Նա հավելել է. «Պաշտոնական խաղում, եթե չեմ սխալվում, վերջին անգամ գոլի հեղինակ էի դարձել 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում, ինչևիցե: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այսօր հաղթեցինք, և կարողացանք 3 միավոր վաստակել», մեջբերում է Armsport.am-ը:

Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը. Ղազախստանը պարտվել է ՀՀ հավաքականին 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն, իր հերթին, ասել է, որ Ղազարյանի վնասվածքի պահն ամենացավալին էր Ղազախստանի հետ խաղում.

«Գևորգը թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ մեզ պետք է: Մենք բոլորս մտքերով հիմա հիվանդանոցում ենք՝ իր կողքին»:

Գնահատական տալով խաղին՝ մարզիչը նշել է.

«Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, պրեսինգ էինք անում, մրցակցին չէինք թողնում դուրս գալ իրենց կիսադաշտից: Մի փոքր հանգստություն չկար խաղի մեջ: Տղաները գնդակը հանգիստ չէին խաղարկում: Խաղացինք հարձակվողական ոճի ֆուտբոլ: Երկրորդ կեսի սկզբնամասում խաղի թելը կորցրինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ:

Իմ կարծիքով շատ պահեր ստեղծեցինք, ուղղակի վերջին հարվածը չէր ստացվում: Մենք շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք, բոլորը միանգամից չենք կարող ուղղել: Վերջին խաղը մոտ հինգ ամիս առաջ էինք խաղացել, և մի շաբաթվա մեջ բոլոր բացերը չէինք կարող լրացնել

Այսպես, պաշտպանությունում մի քանի դիրքային սխալ թույլ տվեցինք, հակառակորդի դարպասի դեմ կարող էինք ավելի սառնասիրտ գործել, գնդակը կարող էինք ավելի հանգիստ խաղարկել, իսկ մնացածը, իմ կարծիքով, լավ ստացվեց»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---