Ապրիլից ապրիլ

Ապրիլից ապրիլ

PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի 25-րդ տարին բերեց մի օր, որն այսուհետ, ինչպես նոր տարին կամ անկախության հերթական տարեդարձը, առիթ ու ջրբաժան է լինելու նախորդ շրջանում արած-չարածը վերլուծելու ու արդյունքներն ամփոփելու համար: Ապրիլի 2-ը կիսեց երկրի նորանկախ պատմությունը մինչև «քառօրյա պատերազմն» ու «քառօրյա պատերազմից հետո» շրջանների:

Կարճ թվարկենք կարևորագույն իրադարձությունները, որոնք հիմք են տալիս 2016-ի ապրիլից 2017-ի ապրիլն ընկած պայմանական «տարին» պատմական անվանել. արցախյան պատերազմից ի վեր առավել ծանր ռազմական բախումներ, անցած պատերազմից ի վեր առաջին անգամ տարածքային կորուստներ, «Սասնա ծռերն» ու մարտի 1-ից հետո ցուցարարներ-իշխանություն առավել արյունոտ ու վտանգավոր առճակատումը, 7 տարվա ամենացածր տնտեսական աճը, 10 տարվա ամենամեծ արտագաղթի ցուցանիշը, «Հաց բերողի» մահը, դիվանագիտական սկանդալներ ՀԱՊԿ ու ԵՏՄ շրջանակներում դե-յուրե դաշնակիցների հետ:

Ունեցանք և որոշակի ձեռքբերումներ: Պատերազմից հետո առաջնագիծը վերջապես ջերմատեսիլներով էր կահավորվում, անկախության զորահանդեսին «Իսկանդերներ», «Սմերչեր», «ԲՈՒԿ-եր» ու այլ նոր զինտեխնիկա ցուցադրվեց, Ցեղասպանության տարելիցին «Ավրորա» մրցանակն էինք հանձնում այսօր՝ այլ երկրներում տանջվողներին փրկող մարդկանց, Հռոմի պապը պատմական այցով Հայաստան եկավ, ունեցանք նոր` առանց մականունավորների կառավարություն, որի գործելաոճը տնտեսության աշխուժացման գոնե թույլ հույսեր է ներշնչում: Վերջապես, 20 տարում առաջին անգամ օլիմպիական ոսկի նվաճեցինք, ֆուտբոլի հավաքականն էլ նոր մարզիչ ունի ու վերջապես հուսադրող խաղ է ցույց տալիս:

Այսքան` առանց ասելու էլ թարմ հուշերը թվարկեցինք ցույց տալու մի պարզ բան. Հայաստանն արագանում է: Վանո Սիրադեղյանն ասում էր «մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը» (թեև փոքր-ինչ այլ իմաստով), ու այդ խոսքը երկար ժամանակ ներքին կյանքին, հասարակության դրվածքին էլ էր սազում: Հիմա փոքր արագությունների ճոխություն, գոնե առայժմ, էլ չկա, կորցրել ենք այն: Երկիրն ու շրջապատը դինամիկ փոխվում են՝ մի տարում տեղավորված իրադարձությունները նախկինում 5-10 տարի կպահանջեին: Այդ դինամիկան ինքն իրենով ոչ դրական, ոչ բացասական բան չի խոստանում` այն կարող է բերել Հայաստանին թե խոշոր նվաճումներ, թե ծանր պարտություններ: Սակայն այն խոստանում է էլ ավելի դաժան պատժել դինջ ու դանդաղաշարժ պահվածքի համար:

Բանակը չի կարող արագորեն չվերազինվել, այլապես՝ ավելի ծանր կորուստներ են լինելու: Իշխանությունը չի կարող դանդաղել ռեֆորմների հարցում. ժողովրդի հետ անջրպետն ավելի կխորանա, անկանխաեսելի պոռթկումների սպառնալիքը մեծացնելով: Ընդդիմությունը չի կարող արագ չինքնակազմակերպվել, չվերլուծել սեփական սխալները, այլապես՝ հասարակության դժգոհ հատվածը կհանձնի ծայրահեղականների ձեռքը: Հասարակությունն այլևս իրավունք չունի արագորեն չկրթվել, այլապես՝ կշարունակի մնալ պոպուլիստների ու տարբեր կալիբրի կաշառակերների պատանդը:

Ապրիլի 2-ին Հայաստանն ընտրություններով փակում է առաջին հետպատերազմյան տարին ու մտնում երկրորդը: Կհասցնեն արդյոք իշխանությունը, ընդդիմությունն ու ժողովուրդը երկրի արագացող տեմպին, թե չեն հասցնի՝ հասցնելով երկիրը նոր ցնցումների, կիմանանք՝ ամփոփելով տարին 2018-ի ապրիլին:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---