Փաշինյան. Եթե ԵԼՔ-ից մանդատ գողանան, հետընտրական գործընթացներ կլինեն

Փաշինյան. Եթե ԵԼՔ-ից մանդատ գողանան, հետընտրական գործընթացներ կլինեն

PanARMENIAN.Net - ԵԼՔ դաշինքի մուտքով քաղաքական նոր կուլտուրա է ձևավորվել: Մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ դաշինքը քարոզարշավն իրականացրել է բարձր տրամադրությամբ, և ընտրողների հետ շփումները թույլ են տալիս ասելու, որ դաշինքի շուրջ բավական դրական մթնոլորտ է ձևավորվել: Ավելին, եթե բոլոր այն քաղաքացիները, պահեն իրենց խոսքը և խոստացածի նման իրենց քվեն տան ԵԼՔ-ին, ապա դաշինքն ընտրություններում կհաղթի:

«Այստեղ չկան անձնական հավակնություններ, և այն, ինչ արել է դաշինքը, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է՝ ուղիղ եթերում փակ-գաղտնի քվեարկությամբ կազմել ցուցակի առաջին եռյակը: Իսկ ՀՀԿ-ն փակ-գաղտնի քվերակություն չեն անցկացնում, որովհետև Շարմազանովն ու Աշոտյանն իրենք իրենց կուսակցությունում հազիվ 1 ձայն հավաքեն: Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա այդպիսիք՝ ընդհուպ իշխանափոխություն, կլինի, երբ ԵԼՔ-ը տեսնի, որ ժողովուրդն իրեն մանդատ է տվել, սակայն այդ ձայները հետո գողացվել են: Եթե քվեարկում եք Սերժ Սարգսյանի օգտին, գնացեք և ապրեք այն իրականության մեջ, որը նա է ստեղծել, եթե ուզում եք փոփոխություն, ընտրեք ԵԼՔ-ին: Եթե դուք քվեախցում ընտրում եք ձեր քուչի տղերքին, մենք իրար հետ անելիք չունենք»,- գրում է Panorma.am-ը։

Փաշինյանն ասել է նաև, որ իրենց ձայն են տալու օրինականության, ազատության և ինքնիշխանության օգտին հանդես եկող քաղաքացիները, այսպես ասած՝ միջին խավը:

Անդրադառնալով նրան, թե ապագայում քաղաքական որ ուժերի հետ է ԵԼՔ-ը պատրաստվում գործակցել, Փաշինյանը հիշեցրել է՝ իրենք կոնկրետ ուժերի անուն չեն տվել և չեն տալիս. «Միայն 95 տոկոսով վստահ ենք և կանխատեսում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը, բացի մեզնից, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմեն: Մեր վերլուծությամբ, ԱԺ կանցնեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ԵԼՔ-ը, ինչից հետո ականատես կլինենք այդ երկու ուժերի լայն կոալիցիային»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չի բացառել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և դա այն դեպքում, երբ նա հրապարակել էր ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող 114 դպրոցների տնօրենների գաղտնի ձայնագրությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը:

Պատգամավորն անդրադարձաավ նաև ՊԲ նախկին հրամանատարՍամվել Բաբայանի ձերբակալությանը՝ նշելով, որ եթե վերջինն իրոք առնչություն չունի «Իգլայի» հետ, ապա դա քաղաքական հետապնդում է:

Մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։

ԱԱԾ-ի համաձայն՝ կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են ՊԲ նախկին հրամանատար Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---