Մարուքյան. ԵԼՔ-ին տված ձայները տեղ են հասել՝ ընտրությունները չընդունելու կարիք չունենք

Մարուքյան. ԵԼՔ-ին տված ձայները տեղ են հասել՝ ընտրությունները չընդունելու կարիք  չունենք

PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքները կարելի է հաջողություն համարել այն 120.000 և ավելի քաղաքացիների համար, որոնք իրենց ազատ կամքով ՝ առանց վախենալու, առանց կասկածի, գնացել ու քվեարկել են ԵԼՔ դաշինքի օգտին: Այդ մասին ասել է դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

«Յուրաքանչյուր ձայն, որ տրվել է ԵԼՔ-ին, պահել ենք, այդ ձայնը հասել է տեղ, այս առումով մենք ընտրությունները չընդունելու բան չունենք: Մենք այդ 120.000 մարդկանց ներկայացուցիչն ենք 6-րդ գումարման Ազգային ժողովում», -ասել է նա։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենք լցոնումներ, կրկնաքվեարկության դեպքեր չեն գրանցել։ «Արձանագրել ենք միայն ընտրակաշառքի դեպքերը, որի մասին համատարած ասվել է, ահազանգել ենք, արձանագրել ենք որոշակի տեխնիկական խախտումներ», - ասել է նա։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---