Փաշինյանն ասում է՝ կաշառք բաժանելու դեպք է ֆիքսել, ՀՀԿ-ն հերքում է

Փաշինյանն ասում է՝ կաշառք բաժանելու դեպք է ֆիքսել, ՀՀԿ-ն հերքում է

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ի երեկոյան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբերից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20.000 դրամներ:

«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։ Սա հաղորդում է հանցագործության մասին։

Նաև՝ մեր բոլոր համախոհներին, կողմնակիցներին կոչ եմ անում տեսանկարահանող, լուսանկարահանող հեռախոսներով և ձայնագրիչներով զինված տեղակայվել Տարոն Մարգարյանի շտաբների մոտակայքում, նկարահանել դեպքերը և տեղակայել ինտերնետում»,- գրել է Փաշինյանը։

Դեպքը տեսանկարել էր «Հայկական ժամանակի» լրագրող Աննա Զախարյանը: Երբ շտաբի աշխատակիցները նկատել էին նրան, խլել էին հեռախոսն ու ջնջել դրա ողջ պարունակությունը՝ բացի մի տեսանյութից, ինչից հետո միայն՝ վերադարձրել հեռախոսը:

Փաշինյանն ու իր համակիրները ողջ գիշեր անցկացրել են նշված շտաբի մերձակայքում, որտեղ քննչական գործողություններ էին ընթանում: Տարածքի սեփականատերը հրաժարվել է բացել դուռն ու ներս թողնել ոստիկաններին, ինչից հետո հեռացել էր: Ոստիկանությունը չի կոտրել դուռն ու տարածք չի մտել:

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառմանը, կոչ է արել զերծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»,- ասված է ՀՀԿ հաղորդագրության տեքստում:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---