Ծրագիր. 2025-ին յուրաքանչյուր մարզում ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը

Ծրագիր. 2025-ին յուրաքանչյուր մարզում ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը

PanARMENIAN.Net - Մարզերի մրցունակության բարձրացման ծրագրերով նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ծանոթացել տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և այլն:

Զեկուցվել է, որ ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները, որոնք ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը:

Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից: Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3.000 նոր աշխատատեղ:

Ռազմավարությունը նախատեսում է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում և այլ ծրագրեր: Զեկուցվել է, որ առաջիկայում ներկայացվելու են բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական գործառանական ծրագրերը՝ ըստ կոնկրետ թիրախների:

Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն: Գործառնական ծրագրերն իրականացվելու են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ և արդյունքները պարբերաբար զեկուցվելու են վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաև բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագիր:

Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարևորել է դրա անցկացումը և պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը:

Վարչապետը կարևորել է նաև համայնքների թվայնացումը: «Պետք է տարբեր հայտանիշեր հաշվի առնելով՝ կարմիր լամպերով վառեք այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են: Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետև իմանալու ենք մեր թույլ կետերը և այն, թե ուր պետք է գնանք»,- ընդգծել է նա:

Ներկայացվել է նաև Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի առողջապահական հիմնարկներում իրականացվող օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է տնտեսել մոտ 250 մլն դրամ: Այս համատեքստում, գործադիրի ղեկավարը նշել է. «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում:

Այդ միջոցը կարող ենք կրկին թողնել տվյալ ոլորտում՝ բարձրացնելով սպասարկման որակը, հարմարավետությունը, որպեսզի երեխան երկրորդ հերթ չգնա, ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, սահմանամերձ գյուղում ուսուցչի խնդիր չունենանք, որովհետև այնտեղ նրա աշխատավարձային համակարգը մեկ այլ գործակցով է հաշվարկվում»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նրան վստահեցրել են, որ օպտիմալացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նշված բոլոր հարցերին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հայտարարել է, որ տարեսկզբից մինչև ապրիլ ՀՀ-ում իրականացվել է 63.5 մլն դոլարի ներդրում և ստեղվծել 1800 նոր աշխատատեղ:

Կրադացեք նաև՝ Նախարար. 2017-ին ներդրումային ծրագրերի իրականացման պարագայում կստեղծվի 10.000 աշխատատեղ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---