Հաղթանակ, որը չեն նշում, ցնցումներ, որոնք չեն կանխատեսի

Հաղթանակ, որը չեն նշում, ցնցումներ, որոնք չեն կանխատեսի

PanARMENIAN.Net - Իշխանության համար երկու տիպի մայրաքաղաք է լինում. կամ ինչպես Հռոմը՝ հարազատ ամրոց ու հանգրվան, որը մինչև Սուլլան ոչ մի հռոմեացի գրավել չէր հանդգնում, կամ՝ խռովության հավերժ վտանգ, ինչպիսին էր ֆրանսիացի արքաների համար Փարիզը:

Վերջինս, ի դեպ, ներկայիս շքեղ տեսքը նաև հեղափոխությունների ահից ստացավ: Նապոլեոն Երրորդի օրոք քաղաքը քանդած ու զրոյից կառուցած Հաուսմանը նեղլիկ փողոցների փոխարեն գծում էր լայն պողոտաներ, որոնք բարդ էր փակել բարիկադներով: Կենտրոնում կառուցվում էին ճոխ և թանկարժեք տներ՝ ծայրամասեր դուրս մղելով հավերժ ապստամբ աղքատներին: Ստեղծվում էր հարմար ճանապարհների ցանց, որով զորքը, կարիքի դեպքում, արագ պիտի հասներ խռով թաղեր: Ազատության խորհրդանիշ քաղաքն ազատության դեմ պայքարի համար էր նախագծվել:

Երևանը, որտեղ իշխանությունն ամեն անգամ «վստահ հաղթանակներ» է տանում, այդպես էլ իշխանության «Հռոմը» չի դառնում՝ մնալով «Փարիզը»: 40, 60 թե 70% ձայն՝ ու #electricyerevan, Մաշտոցի պուրակ կամ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաներ, էլ չասած՝ «Մարտի մեկն» ու «Սասնա ծռերը»: Այդ տեսակետից լա՛վ էլ տրամաբանական է ամեն ընտրությունից հետո գիշերային հրավառությունը. մենք ճնշեցի՛նք ապստամբությունը, Բաստիլը դիմակայեց, այստեղ չե՛ն պարում, այստեղ «սալյուտ են խփում» (խփողները, իհարկե, հեռու են այս ամբողջ լիրիկայից ու անում են դա զոռբայությունից ելնելով):

Բայց իրավիճակը՝ ՀՀԿ-ի նոր արդյունքից անկախ, տխուր է. Տարոն Մարգարյանին ու ՀՀԿ-ին ընտրել է 3 երևանցիներից մեկը՝ մյուս երկուսը կամ դեմ են եղել, կամ չեն գնացել ընտրության: Ու գիշերային հրավառություններն արգելող քաղաքապետի վերընտրվելը գիշերային հրավառությամբ նշողներն ուրախանալու շատ պատճառներ չունեն, քանզի այն երկուսը, որոնք նրանց կողքը չեն ուրախ պահին, տխուր պահին էլ իրենց հետ չեն կանգնի, ինչպես և նրանց ընտրող շատ-շատերը:

Այսպիսով, իշխանությունը նշում է իր հաղթանակներն ու պարտությունները, Գալուստ Սահակյանի ասած՝ «մենակով՝ մի քանի հոգով»: Իսկ կոնստրուկտիվ ընդդիմությանն ամենուր ջախջախելուց ստեղծվում է մի տրամադրություն, որը ֆեյսբուքյան տեքստերից մինչև տաքսիստների զրույցներ արտահայտվում է «ու էսքանից հետո դեռ «Ծռերին» քննադատո՞ղ կա» պայմանական ֆրազայով: Ինչ է լինում, երբ այդ տրամադրությունը հասնում է կրիտիկական կետի, տեսանք 2016-ի հուլիսին:

Ոչ ոք ունակ չէ կանխատեսել՝ երբ կլինեն քաղաքական դաշտի հերթական մենաշնորհացումից ծնված ցնցումներ, կլինեն դրանք #electricyerevan թե «Ծռերի» սցենարով, կձախողվեն թե կհաջողեն: Անգամ Լենինն էր հեղափոխությունից հաշված շաբաթներ առաջ ասել, թե «մենք՝ ծերունիներս, հնարավոր է, չտեսնենք հեղափոխության որոշիչ ճակատամարտը», ուր մնա՝ փորձենք կանխատեսել: Սակայն այդ ցնցումներից խուսափելու համար ակնհայտ շատ քիչ բան է արվում՝ առնվազն քաղաքական համակարգի կայացման հարցում: Ընտրախախտումների ու կաշառքի, գործող պատգամավորների հասցեին բռնության վերաբերյալ անտարբերությունը, ընդդիմության հերթական ցածր արդյունքն ու քաղաքացիների ընդամենը 41% մասնակցությունը ցույց են տալիս, որ մարդիկ չեն տեսնում խնդիրների լուծման քաղաքական մեխանիզմներ, ինչը բերում է ռադիկալ հայացքների էլ ավելի մեծ տարածման:

Ուստի սալյուտներ Երևանում էլի են խփելու: Կամ իշխանությունը հերթական հաջող ընտրություններից հետո, կամ՝ ընդդիմությունը, իր առաջին կարևոր հաղթանակի գիշերը, կամ էլ մեծ ցնցումների մասնակիցները՝ դրանց հաջողվելու դեպքում:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---