ICG. Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում

ICG. Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլյան բախումներից մեկ տարի անց Ղարաբաղում նոր պատերազմ ավելի մոտ է քան երբևէ 1994-ի հրադադարից հետո:

Այդ մասին է գրում Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) «Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում» վերնագրով զեկույցում: Նշվում է, որ 2017-ի հունվարից հաճախակի են դարձել հրետանու ու հակատանկային միջոցների ներգրավմամբ մահացու միջադեպերը շփման գծում, որոնք վերջիվերջո կարող են լայնամասշտաբ կոնֆլիկտի վերաճել: «ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է կողմ դնեն հակասություններն ու ճնշեն կողմերին ներկա անշարժ վիճակից դուրս գալու ու նոր բռնության ռիսկերը նվազեցնելու համար», - ասվում է զեկույցում:

Ապրիլից հետո 2 երկրների նախագահների հանդիպումներն էական որևէ արդյունքի չեն հանգեցրել: Նրանք իրար չեն վստահում, չեն ըմբռնում մեկը մյուսի շահերը: Ոչ նրանց, ոչ կառավարությունների, ոչ զինվորականների միջև էֆեկտիվ կապի օղակներ չկան: Այդ պատճառով ցանկացած միջադեպ կարող է լայնամասշտաբ պատերազմի վերաճել, հատկապես հաշվի առնելով, որ երկու երկրների հասարակությունները համոզված են «հարցի վերջնական լուծման» անհրաժեշտության մեջ՝ անգամ պատերազմի գնով:

Հայաստանն ապրիլից հետո էապես վերազինել է առաջնագիծն ու բանակը, տեղադրել ջերմատեսիլներ ու այլ սարքեր, որոնք նվազեցնում են ադրբեջանական անսպասելի հարձակման հավանականությունը: Ղարաբաղի ղեկավարությունն 2017-ի ձմռանը եկել է եզրահանգման, որ ադրբեջանական նոր հարձակման ժամանակ պետք է ոչ թե նահանջել, այլ խորանալ հակառակորդի տարածք: Ղարաբաղյան զինուժի պլանը ենթադրում է 15 կմ-ով խորանալ ադրբեջանական տարածքում, ինչը կստիպի հակառակորդին կամ փախչել, կամ նոր պաշտպանական շղթա կառուցել: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ 300 հազարից 600 հազար նոր փախստական:

Նույնկերպ, սակայն, շարունակում է զինվել ու նոր տեխնիկա ձեռք բերել նաև Ադրբեջանը: Զեկույցում նշվում է, որ Թալիշի ուղղությամբ գրաված դիրքերը պոտենցիալ վտանգ են Մարտակերտի համար, Լելեթեպեն՝ հարավի, ինչպես նաև Հադրութի ու Մարտունու համար: Հյուսիսից Ղարաբաղը պաշտպանված է Մռավի լեռնաշղթայով, ինչի հետևանքով պատերազմը հավանական է Մարտակերտից Իրանի սահման ընկած 150-կմանոց ճակատի երկայնքով: Սակայն հեռակա մարտերը հավանական են ողջ 200-կմանոց շփման գծին:

Իր հերթին, Աղդամի հարթավայրը կապում է Ղարաբաղի հայաբնակ շրջաններն՝ ու դրա կորուստը կստիպի հայերին հրթիռներ գործարկել ադրբեջանական քաղաքների ուղղությամբ: Բաքուն կպատասխանի Նախիջևանից՝ Հայաստանին հարվածելով:

Աղդամի ուղղությունն ամենաթույլ օղակն է նաև ադրբեջանցիների համար. այն խիտ բնակեցված է, հայկական դիրքերը մոտ են այնքան, որ «լսվում է աշխատող տրակտորների ձայնը»:

Կողմերի զինանոցի մասին խոսելիս հեղինակները, մասնավորապես, նշում են, որ ոչ ոք չունի առավելություն հրետանու հարցում: Չնայած դրան, նույնիսկ հայկական փորձագետներն ընդունում են ադրբեջանական կողմի ընդհանուր տեխնիկական ու քանակական առավելությունը: Փոխարենը հայկական կողմը շատ լավ տիրապետում է տեղանքին ու պաշտպանական հզոր ենթակառուցվածք է ստեղծել:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ապրիլի առաջին օրերին ԼՂ բազմաթիվ կամավորներ մեկնեցին, ու մայրաքաղաքից մինչև հեռու գյուղեր ամենուր բանակի համար օգնություն էր հավաքվում: «Սոցիալական աննախադեպ համախմբումը, որը ծագեց զոհերի մասին տեղեկատվությունից հետո, լրջագույն խնդիր դարձավ իշխանության համար», - ասվում է զեկույցում:

Նշվում է նաև հակամարտությունում ՌԴ դերի մասին: Մոսկվան զինում է երկու կողմերին էլ, արագորեն արձագանքում բոլոր պատահարներին: Նրա մոտիվացիան կասկածներ է առաջացնում թե Երևանում, թե Բաքվում: Երկուսն էլ համարում են, որ կոնֆլիկտը պետք է ՌԴ-ին իր դիրքերն ուժեղացնելու համար: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը կասկածում են, որ ՌԴ-ն հետաքրքրված է կոնֆլիկտի լուծում գտնելու մեջ: «Սակայն Արևմուտքի էական մասնացոթւյան բացակայության պատճառով ռուսական միջնորդությանը ռեալ այլընտրանք Երևանն ու Բաքուն չունեն», - նշվում է զեկույցում:

Ամբողջական զեկույցին՝ անգլերեն լեզվով, կարող եք ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---