Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը

Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը

PanARMENIAN.Net - Էստոնիան կողմ է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացմանը: Այս մասին հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը, որը պաշտոնական այցով Հայաստանում է իր երկրի՝ Եվրախորհրդում նախագահությունը ստանձնելու նախաշեմին:

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե կարելի է ակնկալել, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը տեղի կունենա Էստոնիայի նախագահության օրոք, Միկսերն ասել է.

«Ինձ թվում է, որ մարդկանց ազատ տեղաշարժը շատ կարևոր ասպեկտ է երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Շատ կցանկանայի տեսնել Եվրամիության և Հայաստանի միջև մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը: Լավ կլիներ ավելի շուտ, քան ուշ: Էստոնիան շահագրգռված է տեսնել այս գործընթացի արագ ավարտը, բայց ի վիճակի չեմ ժամկետներ նշել ավարտի մասին: Հուսամ, որ մենք թափ կհավաքենք»,- գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Էստոնիա հարաբերություններին, Միկսերն ասել է, որ երկկողմանի ուղղությամբ հարաբերությունները սերտ են, բարեկամական, հայտնաբերել են, որ տնտեսական, առևտրային հարաբերություններում կա չօգտագործված ներուժ: Միաժամանակ հավելել է, որ կան որոշ ասպարեզներ, որտեղ նշանակալի նվաճումներ կան:

Իր հերթին ՀՀ ԱԳ ղեկավարը կարևորել է իր էստոնացի գործընկերոջ այցն ու ասել, որ «Էստոնիան խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից։ Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային փաստաթուղթը», մեջբերում է Aysor.am-ը։

Նա ևս ընդգծել է՝ Էստոնիայի հետ հարաբերություններում կա բավականին չօգտագործված ներուժ։

«Օրինակ՝ մեր առևտրական շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 10 մլն։ Դա շատ ցածր թիվ է, սակայն կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է», - ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այն կօգտագործվի։

Էստոնիայի արտգործնախարարի այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---