Բելգիացի սենատորը Ստեփանակերտում ծաղիկներ է դրել ազատամարտում զոհվածների հիշատակին

Բելգիացի սենատորը Ստեփանակերտում ծաղիկներ է դրել ազատամարտում զոհվածների հիշատակին

PanARMENIAN.Net - Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:

Բելգիացի սենատորը եղել է նաև «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև գործարանի հիմնադրման պատմությունը:

Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը:

Այնուհետև Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված Բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:

«Այս հանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին: Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և համեղ ուտելիքներով», - ասել է սենատորը:

Հունիսի 20-ին Բելգիայի սենատի անդամին ընդունել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Զույցում Պեշետը նշել էր, որ առավոտյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և տպավորված է, որ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, բարոյական կշիռ ունենալով աշխարհում, այսօր պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման համար: Յորիս Պոշետի խոսքով՝ հայ ժողովրդի անցած ճանապարհը ազդակ է կայանալու և պայքարելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---