Մոսկվան Բաքվից պահանջում է վերջ տալ ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականությանը

Մոսկվան Բաքվից պահանջում է վերջ տալ ՌԴ հայազգի քաղաքացիների հանդեպ խտրականությանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պահանջում է դադարեցնել խտրականության դրսևորումներն Ադրբեջանում գտնվող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ:

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիներն իրոք խտրականության են ենթարկվում էթնիկ պատկանելիության պատճառով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում նմանատիպ մի շարք դեպքերի հետ կապված:

«Շարունակում ենք պահանջել դադարեցնել վրդովեցուցիչ խտրականության դրսևորումները, որն անհամատեղելի է երկրու երկրի բարեկամական հարաբերությունների հետ,- ասել են ԱԳՆ-ում,- Բնական է, որ ստեղծված իրավիճակից հետևություններ կանենք»,- հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշել են ՌԴ ԱՆԳ-ում, տարեսկզբից ՌԴ 25 քաղաքացու մերժել են Ադրբեջան մուտք գործել: Նրանց մի քանի ժամ պահել են՝ մի շարք դեպքերում առանց սննդի, ջրի ու բուժօգնության, իսկ հետո արտաքսել սեփական միջոցների հաշվին: Որպես հիմք նշվել է նրանց հայկական ազգանունները, բայց եղել են նաև դեպքեր, երբ «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով մարդկանց հարցաքննել են «հայ նախնիներին» հայտնաբերելու համար»:

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ բազմիցս՝ այդ թվում պաշտոնական նոտաներով, պահանջել են վերջ տալ այս գործելաոճին, բայց հստակ ու բավարար պատասխան չեն ստացել. «Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան նոտայում նշվում է, որ «անցանկալի միջադեպերից խուսափելու համար Ադրբեջանը ստիպված է համապատասխան կանոնակարգ կիրառել մի շարք անձանց հասցեին»:

2016-ի մայիսին հայկական ազգանունով 8-ամյա երեխային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում:Տղայի անունն է Վարդանյան Լուկա Ռուբենի: «Հայրը ռուս է, մայրը` ռուս, իսկ երեխայի ազգանունը հայկական է: Բոլոր փաստաթղթերը, որ ծնողները ՌԴ քաղաքացիներ են, առկա են: Բայց հայերն Ադրբեջանում թշնամիներ են, ու երեխան հավանաբար ևս` 8 տարեկան երեխան»,-գրել է վրդովված մայրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---