Ժիրինովսկի. ՀՀ հետ միացյալ զորախմբի հրամանատարությունը ես կվերապահեի ռուսական կողմին

Ժիրինովսկի. ՀՀ հետ միացյալ զորախմբի հրամանատարությունը ես կվերապահեի ռուսական կողմին

PanARMENIAN.Net - ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին, ոչ թե համատեղ իրականացմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ազատական ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հուլիսի 14-ին ՌԴ Պետդումայում միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումների ժամանակ:

Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման վավերացրել է միացյալ զորախմբի մասին ՀՀ հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:

«Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության շրջանակում»,-ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը:

Բացի այդ նա ասել է, որ Ռուսաստանը պետք է հզորացնի խմբավորումը Հայաստանում ավելի արդյունավետ զսպելու համար հնարավոր ռազմական բախումներն այլ երկրների հետ: Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ ՌԴ-ն պետք է վերանայի միացյալ խմբավորման ծավալման և կիրառման մասին որոշումների կայացման դրույթը:

Ըստ ընդունված կարգի որոշումը կայացնում են ՌԴ և ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամնատարները համատեղ:

«ՌԴ և Հայաստանի միացյալ զորախմբի հրամանատարության և գլոբալ որոշումներ կայացնելու իրավունքը ես կվերապահեի միայն ռուսական կողմին: Դա պետք է լինի ՌԴ Գլխավոր շտաբի և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի իրավասության ներքո»,-ասել է Ժիրինովսկին, ասվում է կուսակցության պաշտոնական կայքում:

«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է: Եվ միշտ է այդպես եղել: Մեր հարյուրավոր, հազարավոր զինծառայողներ են այնտեղ կռվել, պաշտպանել սահմանները, զոհվել այնտեղ»,-ասել է նա:

Միացյալ զորախմբի խնդիրներն են. ՌԴ և ՀՀ դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումն ու հետ մղումը, երկու պետությունների ցամաքային սահմանի պաշտպանությունը պատասխանատվության հաստատված սահմաններում, մասնակցությունը ՌԴ և ՀՀ պետական սահմանի պաշտպանությանն օդատիեզերական տարածքում, մասնակցությունը զորքերի և կրիտիկական կարևորության օբյեկտների հակաօդային պաշտպանությանը:

Միացյալ զորախմբի կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Միացյալ զորախմբի ծավալման և կիրառման մասին որոշումն ընդունվում է ՌԴ և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարների կողմից համատեղ: Համաձայնագիրը կնքված է 5 տարով՝ հետագայում ևս մի քանի անգամ 5 տարով երկարացնելու հնարավորությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---