Բրյուսելում մեկնարկել է Brexit-ի գծով բանակցությունների փուլը

Բրյուսելում մեկնարկել է Brexit-ի գծով բանակցությունների փուլը

PanARMENIAN.Net - ԵՄ-ից դուրս գալու գծով բրիտանացի նախարար Դևիդ Դևսիը և Եվրամիության բանակցող խմբի ղեկավար Միշել Բարնյեն հուլիսի 17-ին կհանդիպեն Բրյուսելում: Հանդիպումը նշանավորում է Brexit-ի մասին բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Երկու պատվիրակությունների բանակցությունները կտևեն 4 օր, հայտնում է Reuters-ը:

«Մենք բավականին լավ սկսեցինք հունիսին և այս շաբաթ կանցնենք բուն հարցին: Մեր բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն առաջնային է այս փուլում, ես հասկանում եմ, որ այդ հարցում մենք պետք է իրական առաջընթացի հասնենք», -ասել է Դևիսը հանդիպումից առաջ:

Բանակցություններում աշխատանքային խմբերը կկենտրոնանան 3 ուղղության վրա՝ քաղաքացիների իրավունքներ, €60 մլրդ վճարելու Բրյուսելի պահանջը Մեծ Բրիտանիայինց՝ ԵՄ ընթացիկ բյուջետային ծախսերը հոգալու համար, ինչպես նաև բրիտանական ապրանքների ճակատագիրը ԵՄ խանութներում: Կքննարկվեն նաև խնդիրները Հյուսիսային Իռլանդիայում, որոնք կառաջանան ԵՄ անդամ Իռլանդիայի հետ ցամաքային սահմանի հաստատումից հետո:

Բանակցությունների առաջին փուլը կավարտվի հուլիսի 20-ին մամուլի ասուլիսով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԽ-ն վրդովված է, քանի որ Brexit-ից հետո եվրոպացիները Բրիտանիայում «երրորդ երկրի անձինք» կհամարվեն: Ըստ եվրախորհրդարանականների, Լոնդոնի առաջարկը «2-րդ կարգի քաղաքացիների առաջացման ռիսկ է պարունակում» և հակասում է Բրիտանիայի իշխանությունների սկզբնական հայտարարություններին առ այն, որ այդ երկրի դուրս գալը Եվրամիության կազմից բացասաբար չի անդրադառնա ԵՄ քաղաքացիների վիճակի վրա Մեծ Բրիտանիայում:

Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---