Սանահինում պատմական տապանաքարեր են տեղահանվել. Մայր Աթոռը դատապարտում է

Սանահինում պատմական տապանաքարեր են տեղահանվել. Մայր Աթոռը դատապարտում է

PanARMENIAN.Net - Սանահինի վանական համալիրի տարաքում նոր հուղարկավորություններ են տեղի ունենում: Վերջին անգամ մարդ է հուղարկավորվել հունիսի 21-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Երկու պատմական տապանաքար տեղահանվել է ու դրանց տեղում նոր գերեզման է դրվել:

«Երեկ կրկին այցելեցի Սանահին։ Վանքային համալիրը անմխիթար վիճակում է։ Համատարած անօրինականություններ և անտարբերություններ։ Նոր թաղումները մխրճվել են վանքապատկան տարածքներում։ Հունիսի 21-ին իրականացված վերջին թաղումն արդեն համբերության բաժակս լցրել է։ Մինջև վերջ պայքարելու եմ, որ Զաքարյան իշխանների դամբարանի շուրջը իրականացված թաղումները տեղահանվեն՝ տեղափոխվեն», - գրել է Նալբանդյանը։

Խնդրին անդրադարձել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել Սանահինի վանական համալիրի տարածքում, դատապարտելի է և անթույլատրելի: Ցավոք, նման երևույթների ականատես ենք տարբեր վայրերում, երբ պատմամշակութային հուշարձանների և սրբավայրերի տարածքների և պահպանության գոտիների նկատմամբ ոտնձգության դրսևորումներ են արձանագրվում», - ասել է նա PanARMENIAN.Net ին:

Մելիքյանի խոսքով, խնդիրը պահանջում է հստակ համակարգված լուծում` զերծ պահելու Հայաստանի պատմական կոթողները նման երևույթներից և կամայական տեղական ինքնագործունեությունից:

«Գիտակցության խնդիր է: Այդ սրբազան հուշակոթողները և սրբությունները ամենքինս են, պատասխանատվությունն էլ դրանց նկատմամբ բոլորինը պետք է լինի: Պետք է մեր ջանքերը մեկտեղենք` կրթելու մեր ժողովրդին` նման երևույթները կանխելու և բացառելու համար:

Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա խնդրի մասին տեղեկատվությունը թեմի առաջնորդի կողմից ժամանակին պատշաճ կարգով հանձնվել է պատկան պատասխանատու կառույցների ուշադրությանը», - հավելել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Սանահինի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, համանուն գյուղում, ներկայումս՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի (նահանգի) Տաշիր գավառի մեջ։ 1996 թվականին ՄԱԿԳՄԿ-ի կողմից Հաղպատի վանքի հետ միասին ճանաչվել է համաշխարհային մշակութային ժառանգության մաս։ 2001 թ-ին Սանահինի համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։

Խորհրդային իշխանության տարիներին Սանահինի վանքը եղել է պետական պահպանության ներքո. կատարվել են ամրակայման և վերականգնման աշխատանքներ։ 1998 թ-ին ՀՀ Կառավարության որոշմամբ այն հանձնվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։

Լուսանկարները՝ Ստեփան Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---