Երևանում քննարկվել են հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները![]() 26 հուլիսի 2017 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Երևանում քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է գործընկերոջ այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում: Ցախի Հանեգբին ընդգծել է բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան: Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան` նախարար Վահան Մարտիրոսjանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը: Վահան Մարտիրոսյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշել է, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրել է ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Քննարկվել են տրանսպորտի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտներում հայ-իսրայելական գործակցության հնարավորությունները: Ցախի Հանեգբին նույնպես կարևորել է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնեց, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի: Նախարար Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրել է նաև Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները` նշելով, որ նրանք արդեն իսկ օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ: Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձել են երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին: Հուլիսի 25-ին մեկնարկել է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան: Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա նաև գյուղատնտեսության նախարարի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ընթերցեք նաև.Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |